«Հայոց Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր են գրվել ֆիլմեր են նկարվում, բայց խնդրի լուծումը ցեղասպանության պատճառները ճիշտ հասկանալու մեջ է, իսկ դրանք ճիշտ կհասկանանք այն դեպքում, երբ որ ցեղասպանության մասին պատմությունները դառնան գիտություն, որը պետք է ներառի պատճառները, ընթացքը և հետևանքների հաղթահարումը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայոց ցեղասպանության, դրանում մեծ տերությունների նշանակության և դերի վերաբերյալ՝ ասաց պատմաբան Աշոտ Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ մեծ տերությունների քաղաքականությունը անուղղակիորեն նպաստել է, որպեսզի երիտթուրքերն իրականացնեին Հայոց Ցեղասպանությունը:
«Սարիղամիշի ճակատամարտից հետո ռուսական զորքերը դոփեցին տեղում: Նրանք, իհարկե, կարող էին առաջ գնալ, գրավել Արևմտյան Հայաստանը, մենք զերծ կմնայինք Եղեռնից: Բայց, ինչու չգնացին. Չգնացին այն պարզ պատճառով, որպեսզի Թուրքիային ցույց տան, որ ռուսական բանակը կովկասյան ռազմաճակատում թույլ է, որպեսզի նա ուժերը կենտրոնացներ նեղուցների մոտ, քանի որ Ռուսաստանը չէր ուզում, որ Անգլիան ու Ֆրանսիան գրավեին նեղուցները»,-նկատում է պատմաբանը:
Այսօր արդեն, խնդրի լուծումը Աշոտ Ներսիսյանը տեսնում է զգացմունքային դաշտում չգործելու մեջ.
«Աստիճանաբար պետք է մեր պատմական տարածքներում հաստատվենք և ի հակակշիռ քրդերի՝ փոխենք էթնիկական պատկերը»:
Անի Կարապետյան