«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս մենք տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը քաղաքական դաշտում դիրքավորվում է որպես առավելապես արևմտյան կողնորոշմամբ քաղաքական ուժ: Այս առումով մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, որպես ռուսաստանցի գործարար, դեռ մինչև Արցախ տեղափոխվելը, Վարդանյանը ՌԴ-ում համարվել է Արևմուտքի հետ բավական սերտ կապեր ունեցող ու, ըստ այդմ, համագործակցության կարևոր օղակ հանդիսացող թևի հիմնական ներկայացուցիչներից մեկը:
Ըստ մեր աղբյուրների, նա առանձնահատուկ սերտ հարաբերություններ ունի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի և, ի մասնավորի, թագավոր Չարլզ Երրորդի հետ, որի թագադրության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ օրերս: Իսկ, ընդհանրապես, թագավորական ընտանիքի հետ սերտ կապեր ունենալն ինքնին նշանակում է յուրատեսակ քարտ-բլանշ դեպի արևմտյան աշխարհ: Շատ փորձագետներ պատահական չեն համարում, որ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո արևմտյան առաջատար լրատվամիջոցները պարբերաբար հարցազրույցներ էին կազմակերպում Վարդանյանի հետ, ինչը թույլ էր տալիս Արցախի հիմնահարցն անընդհատ պահել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
Հիմա էլ, ըստ այդմ, «Ապրելու երկիր» կուսակցությունն է հայաստանյան քաղաքական դաշտում «տեղավորվում» արևմտյան «կողմում»:Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում առանձնապես ոգևորված չեն այս ամենով, սակայն մյուս կողմից՝ հիանալի հասկանում են, որ Վարդանյանը կարող է յուրատեսակ կամուրջ հանդիսանալ՝ թե՛ Արևմուտքում ունեցած կապերի, թե՛ տարածաշրջանում ազդեցության լծակների օգտագործման տեսակետից, ուստի առավել ըմբռնումով են մոտենում Ռուբեն Վարդանյանի արևմտյան կողմնորոշմանը»: