▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը լավ է հասկանում՝ Ադրբեջանը Հայաստան չէ

«Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալելը քծնելու մի այնպիսի ցածր ոճ է, Լուկաշենկոյի բարոյական անկման մի այնպիսի աստիճան, որ ես ուղղակի խոսքեր չեմ գտնում ասելու»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻՊ նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ միջազգային ատյաններում Իսրայելն այս հարցը կբարձրացնի:

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ՄԻՊ նախկին պաշտպանը կարևորեց զգուշավորությունը. «Գուցե, եթե սկսենք պաշտպանել, Ադրբեջանը կամ հենց բուն Բելառուսը, սկսեն ավելի վատ վերաբերվել նրան»,-ընգծեց Լարիսա Ալավերդյանը:

Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով էլ՝ Ռուսաստանն ու Իսրայելը, ինչպես նաև Բելառուսը լուռ են, քանի որ Ադրբեջանի հետ ուզում են լավ հարաբերություններ ունենալ «Ռուսաստանի համար հարաբերությունները Ադրբեջանի հետ ավելի կարևոր են, քան իր քաղաքացին: Ռուսաստանը լավ է հասկանում՝ Ադրբեջանը Հայաստան չէ: Բոլորը հասկացել են, որ ինչ էլ անեն Հայաստանի շահերի դեմ ՝ Հայաստանը չի հակադարձելու և հլու ու հնազանդ պահպանելու է իր հարաբերությունները թե՛ Ռուսաստանի, թե՛ Բելառուսի հետ»:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է բլոգերի հարցով:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ հայտնի բլոգերի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցով բաց նամակ է հղել Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցին և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին: «Նկատի առնելով Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի օրենքի գերակայության սկզբունքն ապահովելու պատրաստակամությունը՝ ձեզ իրազեկում ենք Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փորձերի աղաղակող փաստերի մասին»,- գրել է Արա Զոհրաբյանը:  

«Լապշինի խնդիրը մարտահրավեր է ընդհանրապես ողջ քաղաքակիրթ հանրությանը և քաղաքակիրթ աշխարհին»,-ավելի վաղ մեր կայքի հետ զրույցում այսպես էր արձագանքել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ Լապշինը ձերբակալվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին: Նրա փաստաբանը տեղեկացրել է, որ բելառուս իրավապահները բլոգերին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ․ ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում, ինչի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածների հատկանիշներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն: Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին