▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Գագիկ Ծառուկյանին փոխարինում է Արա Աբրահամյանով

1in.am-ը գրում է. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է Հայաստանի ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, և ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության:

«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի: Արա Աբրահամյանը, ցավոք, չի կարող տեղ զբաղեցնել «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակում, քանի որ Սահմանադրության նախագծով ԱԺ պատգամավորի համար սահմանված է հայերենին տիրապետելու պայման, ինչը Աբրահամյանը դժվար թե կարողանա կատարել ամենամեծ ցանկության դեպքում անգամ: Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու մեկ այլ օլիգարխի՝ Գագիկ Ծառուկյանին, ով ևս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Գագիկ Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը:

Երբ նախագահ Սերժ Սարգսյանը կարմիր քարտ ցույց տվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրան հեռացրեց քաղաքական դաշտից, հարց առաջացավ, թե ինչու դա թույլ տվեցին Ռուսաստանի իշխանությունները: Ծառուկյանը պրոռուսական ընդդիմության առաջնորդն էր, և շատերը համարում էին, որ հենց ռուսական իշխանությունների աջակցությունն է, որ թույլ չի տալիս Հայաստանի իշխանությանը Ծառուկյանին ունեզրկելու սպառնալիքի տակ հեռացնել քաղաքականությունից: Բայց Ծառուկյանը շատ էր տարվել իշխանության գալով և դուրս էր եկել իր դերից. Նա գնում էր Բրյուսել, հանդիպում եվրոպական չինովնիկների հետ, այցելում Չինաստան՝ ցույց տալով, որ ինքը պատրաստ է գործել նաև ռուսական տիրույթից դուրս: Ռուսական իշխանությունը Ծառուկյանի համար բոլորովին այլ դեր էր նախատեսել, և Ծառուկյանը դուրս գալով այդ դերի շրջանակներից՝ կորցրեց ամեն ինչ:

Հենց այդ պայմաններում ռուսները նպատակահարմար գտան Ծառուկյանին փոխարինել Աբրահամյան-Բաղդասարյան զույգով՝ համարելով, որ նրանք ավելի կանխատեսելի են և չեն զբաղվի ավելորդ աշխարհաքաղաքականությամբ: Իհարկե, Բաղդասարյանը նախկինում հանդես էր գալիս որպես պրոեվրոպական հայացքներ ունեցող գործիչ և նույնիսկ հասցրել էր իր հակառուսական հայտարարությունների համար արժանանալ այն տարիների նախագահ Ռոբերտ Քոչարյանի զայրույթին: Քոչարյանը նրան մեղադրեց դավաճանության մեջ այն բանից հետո, երբ հրապարակվեց Արթուր Բաղդասարյանի և Մեծ Բրիտանիայի դեսպանության աշխատակցի զրույցը, որում Բաղդասարյանը կոչ է անում ճնշում գործադրել իշխանության վրա ընտրակեղծարարությունը բացառելու համար: Քոչարյանը քանդեց Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ խմբակցությունը և նրան զրկեց ԱԺ նախագահի պաշտոնից, երբ Բաղդասարյանը հանդես գալով գերմանական «Ալգեմայնե ցայտունգ» թերթում հայտարարեց, որ Ռուսաստանը չպետք է փակի Հայաստանի դեպի Եվրոպա տանող ճանապարհը: Բայց հետագայում հայտնվելով Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Բաղդասարյանը հայտնվեց ռուսական իշխանության ազդեցության դաշտում, դառնալով ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժայի և Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հովանավորյալը: Ռուսները համոզված են, որ Բաղդասարյան-Աբրահամյան զույգը իրենց համար այնքան վերահսկելի է, որ նրանք չեն կարող առանց իրենց թույլտվության որևէ քայլ կատարել:

ՕԵԿ-«Հայկական վերածնունդի» գլխավոր քաղաքական հակառակորդը քաղաքական դաշտում շարունակելու է մնալ ԲՀԿ-ն, որը թեև թուլացել է, բայց չի կորցրել երկրի երկրորդ քաղաքական ուժը լինելու իր ամբիցիաները: 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ ընդդիմադիր լոզունգներով ընտրություններին մասնակցող Արթուր Բաղդասարյանը միացավ Սերժ Սարգսյանին, Բաղդասարյանից հիասթափված ընտրազանգվածը մտավ ԲՀԿ-ի տակ՝ փոփոխությունների հույսը տեսնելով Գագիկ Ծառուկյանի մեջ: Հիմա այդ նույն ընտրազանգվածը հույսը կորցնելով Ծառուկյանից՝ կարող է վերակողմնորոշվել դեպի ՕԵԿ:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին