Բրիտանական հայտնի «Times» պարբերականը «Դժոխքի դարպասներ» խորագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել սիրիական ճգնաժամի համատեքստում ռուս-թուրքական հարաբերություններին: Թուրքական ընդդիմադիր «cumhuriyet» թերթը, հղում անելով հիշյալ պարբերականին, գրում է, որ հոդվածում խոսվում է նաև այն մասին, թե Թուրքիան արդեն 2 օր է, ինչ ռմբակոծում է Սիրիայի քրդական ուժերի դիրքերը: Ըստ հոդվածի` Սիրիայում այժմ այնպիսի իրավիճակ է, երբ եկել է Արևելք-Արևմուտք հաշիվներ մաքրելու ժամանակը:
Ընդգծվում է, որ թեև բոլոր կողմերի նպատակը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարն է, այնուամենայնիվ դրա հետ մեկտեղ չպետք է թույլ տալ, որ Սիրիան մասնատվի: Թուրքական ուժերի կողմից Սիրիայի քրդական ուժերի դեմ իրականացվող հրետակոծությունների մասին պարբերականը գրում է, որ Անկարան շատ վճռական է տրամադրված այդ հարցում Որովհետև շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի օժանդակության տակ գտնվող Սիրիայի քրդերը ցանկանում են սեփական փոքր պետությունը ստեղծել: Որպես Սիրիայում ռուս-թուրքական շահերի բախման ամենաթեժ կետ նշվում է Հալեպը: Այստեղ, ըստ հոդվածի, Ռուսաստանը և Թուրքիան առճակատման կարող են գնալ:
Դրան կարող են նպաստել ռուսական ավիահարվածները, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին: «Ռուսաստանը և Թուրքիան բախման ճանապարհին են: Ռուսաստանը երբեք չի ընդունի օտար զինվորների ներխուժումը Սիրիայի հյուսիս: Թուրքիայի սահմանային կռիվները պատճառ կդառնան, որպեսզի Սիրիայի քրդերը շուտով հրահրիչ հարձակումների գնան: Իր հերթին Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի օգնությանը կդիմի: Եվ այդ իրավիճակում արդեն Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն դուրս կգան դեմ առ դեմ»: Անդրադառնալով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)-ը՝ անգլիական պարբերականն ընդգծում է, որ թուրքական իշխանությունները, քուրդ զինյալների դեմ ուժ կիրառելով, մեկ է, չեն կարող կարգավորել խնդիրը:
Աղբյուր` Ermenihaber