«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակային հոդվածը.
Միամտություն կլինի մտածելը, որ թուրքական իշխանությունները չէին պատկերացնում, թե ինչպիսի արձագանք և քայլեր կհետևեն Ռուսաստանի կողմից նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում ռուսական ՍՈւ-24 ռմբակոծչի խոցումից հետո: «Իսլամական պետության» դաժան ահաբեկիչների դեմ պայքարի արդար ոգով տոգորված Ռուսաստանը խոշոր քայլերով անցնում է Սիրիայի տարածքով ու հաստատում իր ազդեցությունը տարածաշրջանում` միևնույն ժամանակ արտաբերելով այդ ազդեցությունը նավթի համաշխարհային գնագոյացման վրա:
Վերջապես հարմար առիթ է ոչ միայն ուժի ցուցադրմամբ համաշխարհային գերտերության հավակնությունները դրսևորելու, այլև այն գործածելով՝ կանգնեցնելու սեփական տնտեսության անկման տեմպերը`վերահսկողության տակ վերցնելով ռազմավարական նշանակության նավթաարդյունաբերական օբյեկտները: Եվ հանկարծ Թուրքիան հանդգնում է ոչ միայն խփել ռուսական օդանավը թեթև պատճառաբանմամբ, թե այն հատել է սահմանն ու հայտնվել թուրքական օդային տարածքում, այլև Վլադիմիր Պուտինի ուլտիմատումից հետո, որով նա պահանջեց ներողություն խնդրել ու հատուցել վնասները, հոխորտալով հրաժարվեց կատարել պահանջը և հայտարարեց, որ այսուհետ ևս թուրքական տարածք մտած ցանկացած օդանավ կխոցվի:
Դե ինչ, եթե ոչ NATO-ի հրահանգով կատարված, ապա առնվազն վերջինիս հետ համաձայնեցված այս գործողությանն ի պատասխան, Ռուսաստանն այլևս պարտավոր էր չափազանց կոշտ արձագանքել: Ոչ ավել, ոչ պակաս Վլադիմիր Պուտինը Սիրիայի տարածք մտցրեց նոր սերնդի հակաօդային պաշտպանության համակարգեր, ցամաքային զորքեր ու տանկեր, հրաժարվեց պատասխանել Թուրքիայի նախագահի հեռախոսազանգերին, իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց թուրք-սիրիական սահմանը փակելու նպատակահարմարության և Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի վերացման մասին:
Միաժամանակ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական սանկցիաներ կիրառեց, որոնց ազդեցությունը մեր հարևան երկիրը սկսեց զգալ բառացիորեն ժամեր անց: Դրանց թվին են պատկանում դեպի Թուրքիա տուրիզմի սահմանափակումը, թուրքական ապրանքների ներմուծման արգելքը և այլն: Իսկ մեզ ‹‹հուզող›› ամենաէականն այն էր, որ ՌԴ Պետդումայում առաջարկ եղավ քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը, որոշ գործիչներ նույնիսկ առաջարկեցին աջակցել Հայաստանին Թուրքիայից հատուցում ստանալու գործում:
Հավանաբար դեռ շատ իրադարձություններ տեղի կունենան այս տողերը գրելուց հետո, սակայն ներկա պահին, վստահաբար, հայաստանցիներին ամենից շատ հետաքրքրում է ռուս-թուրքական հակամարտության հնարավոր հետևանքները մեր երկրի համար: Ընդորում խոսքը գնում է թե՛ բացասական, և թե՛ դրական հետևանքների մասին, եթե այդպիսիք իհարկե կարող են լինել:
Այն, որ ռուսական ահռելի շուկան ազատվում է թուրքական ապրանքներից, ստեղծելով մեծ հնարավորություն հայկական արտադրությամբ այդ բացը լրացնելու համար, անշուշտ, լավ է: Հարցն այստեղ նրանում է `կկարողանա՞նք մենք իրականում օգտվել այդ հնարավորությունից, թե՞ ոչ, քանի որ սա հիանալի շանս է, չնայած առկա խնդիրներին, արևելյան Եվրոպայի մի շարք երկրների համար, ասենք նույն Բելառուսի միջոցով, Ռուսաստանի շուկա մեծաքանակ ապրանքներ ներմուծելու:
ՌԴ-ի կողմից վերանայվում են Թուրքիայի հետ առնչվող մի շարք ռազմավարական նախագծեր: Չե՞ որ Պուտինը, կարծես թե, անկեղծորեն զարմանալով հայտարարեց, որ իրենք դավաճանական հարված ստացան նրանից, ում գործընկեր էին համարում: Այս համատեքստում Թուրքիայի թուլացումը տարածաշրջանային խնդիրների շրջանակներում և առհասարակ բնական է՝ ինքնին նպաստելու է Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Իսկ այստեղ հարցը նրանում է, թե որքանով Թուրքիան իրականում կթուլանա: Միգուցե այս հակամարտությունը պարզապես ‹‹սիրիական ողջ պատմության›› մեջ հրահրված մի դրվագ է արևմուտքի կողմից, ի դեմս Հյուսիսատլանտյան դաշինքի, որն էլ իրականում հենց հանդիսանում է Ռուսաստանի հետ հակամարտող կողմը, իսկ Թուրքիան ընդամենը համաձայնեց ‹‹սեփական ձեռքերով շագանակներ հանել կրակից›› բնականաբար ինչ-որ բանի դիմաց: Հարց է` ինչի՞ դիմաց: ԼՂՀ կարգավորման գործընթացում, ցավոք, չնայած Թուրքիան դավաճանությամբ Ռուսաստանի ‹‹սիրտը կոտրեց››, սակայն Ադրբեջանի հետ տնտեսական շահերի բերումով դժվար թե Պուտինը գնա շեշտակի հայանպաստ գործողությունների, իհարկե մինչև հանկարծ մի օր էլ Ադրբեջանին չբացահայտի գործընկերոջ դիմակի տակ: Եվ վերջապես Ցեղասպանության հարցը: Պետք է անկեղծորեն հուսալ, որ պաշտոնական Մոսկվան մեզ համար այդքան զգայուն հարցը չէր կարող թույլ տալ իրեն շահարկել և, որ դա ընդամենը Միրոնովի նախաձեռնությունն է: Չէ՞ որ մեր հասարակությունը կարող է որպես վիրավորական ընկալվել այն պարզ հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը այսքան տարի չէր մտածում այդ ուղղությամբ և գնաց այդ քայլին միայն նրանից հետո, երբ թուրքական զինուժը խոցեց ռուսական օդանավը սույն հանգամանքը պարզապես Թուրքիայի դեմ օգտագործելու համար:
Եթե այս հանգամանքներին գումարենք այն, որ հակամարտության զարգացման ու էսկալացիայի հետևանքով ՌԴ-ն կարող է հարկադրված լինել գործածել Գյումրիի ռազմաբազան ու Էրեբունու օդանավակայանը դրանից բխող մեզ համար անցանկալի հետևանքներով հանդերձ, ապա հարցերի հարցն է առաջանում` որքանո՞վ է մեզ ձեռնտու ստեղծված իրավիճակը: Արդյո՞ք մեր երկիրն ունի այս իրավիճակում ինքնուրույն խաղալու հնարավորություն: Արդյո՞ք մեր ներսի պոտենցիալը բավարար է առաջացած հանգամանքների դասավորությունն օգտագործելու սեփական շահերի համար: Արդյո՞ք մենք պատրաստ ենք...
Մնում է հուսալ, որ նավթային հաղթարշավի հետևանքով գների բարձրացման և Ռուսաստանից արտահանման ծավալների պահպանման արդյունքում ռուսական տնտեսության վիճակի բարելավումն, ինչպես միշտ, իր հերթին համապատասխանաբար կանդրադառնա Հայաստանի վրա: