Միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս «Ռոբին Հուդին» փոխարինելու են գալիս հայ «Ռոբին Հուդները»՝ Ֆելիքս Խաչատրյանը (Ֆելո) և Վահագն Ստեփանյանը (Դելո):
Ի տարբերություն Ռուբին Հուդի՝ մերօրյա հերոսները չե՛ն թալանում հարուստներին և ավարը հանձնում աղքատներին. «Ռոբին Գուդները» բարեգործություն անելու ավելի ազնիվ և պոզիտիվ ուղղվածություն են որդեգրել:
Ֆելոն և Դելոն այցելում են Հայաստանի մարզերի և Արցախի սահմանամերձ գյուղերի անբարեկարգ դպրոցներ, մանկապարտեզներ, մշակութային օջախներ՝ փորձելով իրենց հատուկ հումորով վերհանել առկա խնդիրները և գտնել դրանց լուծումներ տալուն պատրաստ բարեգործների:
VNews.am-ի հետ զրույցում ամերիկաբնակ Դելոն նշել է, որ Հայաստան՝ իր եռամսյա այցի ընթացքում նպատակ է ունեցել հանդես գալ ինչ-որ հետաքրքիր նախագծով, և Ֆելիքս Խաչատրյանի հետ քննարկումների արդյունքում զարգացրել են վերջինիս վաղուց առաջացած գաղափարը, ինչի արդյունքում շուտով հանդիսատեսի դատին կհանձնեն «Ռոբին Գուդները». Նախագծի անունը առաջարկել է Ֆելոն, իսկ Դելոն անմիջապես համաձայնել է:
«Միանգամից ընդունեցի անվան առաջարկը, որովհետև Ռոբին Հուդը ինքնին բարի պերսոնաժ է, օգնել է կարիքավորներին: Ճիշտ է՝ Ռոբին Հուդը մի փոքր այլ ասոցիացիաներ է առաջացնում. հարուստներից վերցնում, տալիս էր աղքատներին, իսկ մենք ուզում ենք մատնացույց անել կարիքավոր մարդկանց, թո՛ղ հարուստները որոշեն՝ իրենք ում և ինչով կցանկանային օգնել: Ուզում ենք, որ այս ամենը արվի դրական, կիսահումորային շոուի միջոցով, որովհետև առանց այդ էլ դարդը շատ է»,-նշել է Դելոն:
Վերջինը շեշտել է, որ իր կողմից իրականացված պրոդյուսերական աշխատանքների արդյունքում իրեն հաջողվել է գտնել հովանավորների, առանց որոնց նախագիծը չէր կայանա:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիվառո ընկերությանը, որը հավատաց մեզ և աջակցեց որպես ինֆորմացիոն և գլխավոր հովանավոր: Շնորհակալ ենք նաև Ռոյալ Արմենիա» և Teach For Armenia ընկերություններին, որոնք դրամական օգնություն են հատկացրել մարզերի 9 դպրոցների»,-եզրափակեց Դելոն:
Այսպիսով, տղաների նախաձեռնած հումորային և բարեգործական նախագիծը, որը, թերևս, շարունակական բնույթ կկրի, կմեկնարկի մարտ ամսից. առաջին սեզոնը, որը բաղկացած է 9 սերիայից, կտևի երեք ամիս:
Հաղորդումը կցուցադրվի Վիվառո ընկերության նոր VNews Entertainment ժամանցային հարթակով: