Armlur.am-ը գրում է. Հայկական շոու-բիզնեսի փոփ երգերի զգալի մասի «կնքահայր», տարիներ առաջ սերիալներում փայլատակող «պոչիկով տղան», նույն ինքը՝ երգահան, երգիչ Ռիչարդ Մադլենյանը, շուտով կրկին կհայտնվի էկրաններին, այս անգամ արդեն՝ գեղարվեստական ֆիլմերի շրջանակներում: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է նաեւ, որ որակյալ երաժշտությունը ռեալիզացնելը մնում է գերխնդիր. չէ՞ որ անգամ կառավարության անդամներն են անորակ երաժշտության ներքո պարում:
-Ռիչա՛րդ, սերիալներից հրաժարվելու հիմնական պատճառը ո՞րն էր:
-Արդեն 4 տարի է՝ եթերում չկամ. հոգնեցի անիմաստ սերիալներում տարիներով նկարահանվելուց, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխատավարձերը հասել են մինիմումի, ծիծաղելի թվեր են շրջանառվում, այդ պատճառով էլ հրաժարվեցի նկարահանվելուց: Այսօր հեռուստադաշտում մոնոպոլիա է տիրում, բոլոր հեռուստաընկերությունները համարյա մեկին են պատկանում, մրցակցությունը վերացել է, ուստի դերասաններն էլ աշխատավարձերից դժգոհ լինելու դեպքում չեն կարողանում փոխել հեռուստաընկերությունը:
-Այսինքն՝ Ձեզ էկրաններին էլ չե՞նք տեսնի:
-Կտեսնեք, բայց արդեն գեղարվեստական ֆիլմերում: «LA Casting Studioե-ի հետ համագործակցելով՝ նկարահանվել եմ մի կոմեդիայում, որտեղ կերտել եմ մաֆիայի ղեկավարի կերպարը: Հանդես եմ եկել նաեւ Արա Երնջակյանի «Ժաննա դ՝Արկ» տրագիկոմեդիկ ֆիլմում, որտեղ կերտել եմ դահիճի կերպար. շատ ծիծաղելի է ստացվել: Գեղարվեստական ֆիլմերի ոլորտն արդեն ինձ համար ուրիշ նշանակություն ունի. այն ավելի լուրջ մոտեցում է պահանջում:
-«Տուրանդոտ» օպերայով նշանավորվեց Ձեր վերադարձը ոլորտ. գործունեությունը շարունակակա՞ն է:
-Այո՛, այդ օպերայում հանդես գալը լուրջ քայլ էր, հիմա էլ ակտիվորեն աշխատում ենք Լեւոն Ջավադյանի հետ, շուտով Բելառուսում կմասնակցենք մեծամասշտաբ միջազգային մրցույթի:
-Վարձատրությունից գո՞հ եք:
-Ես գոհ եմ իմ հոնորարից, հատկապես, երբ այն համեմատում եմ սերիալներից ստացված հոնորարի հետ՝ չհաշված հոգեւոր բավարարվածությունը:
-Այսինքն՝ սերիալային դաշտում հոնորարներն այդ աստիճան իջե՞լ են:
-Դե, եթե նախկինում ամենալավ դերասանն ամսական մի միլոն էր ստանում, հիմա այդ սահմանը հասել է 500 հազար դրամի: Էլ չեմ խոսում փողոցից «բռնած» անորակ դերասանների մասին, ովքեր 50-100 հազար դրամով են նկարահանվում: