▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքել է Ոստիկանության հայտարարությանը

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել`  Ոստիկանության երեկ արված հայտարարությանը, որում «Ժառանգության» նախագահի հետընտրական  հավաքները հակաիրավական էին որակվում։


Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.


«Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա՝ նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին:


Իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին և նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և համապատասխան հարգարժան մյուս պաշտոնյաներին հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլևս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին:


Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, «հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտում» են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը` «կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ», ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ և ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները:


Թող հստակ լինի հայ ժողովրդին աշխարհով մեկ՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, որ սա ոչ թե Րաֆֆիի հաղթանակն է և ոչ էլ Սերժի պարտությունը, այլ համայն հայ ժողովրդի հարությունը, վերածնունդը ազգի, վերելքը պետության:


Թող հստակ լինի նաև ձեզ. Հայրենիքը հավերժ է, եռագույնը՝ սուրբ, իսկ դուք, ընկերներ, ինձ հետ մեկտեղ ոչինչ եք մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր ժողովրդի իշխանության դիմաց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին