▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաֆայել Երանոսյանն՝ իր ու Անդոյի հարաբերությունների և նոր ծրագրերի մասին

Life.panorama.am-ը գրում է.Օրեր անց՝ մայիսի 21-ին, էկրաններ կբարձրանա «Սկոտչ & Whiskey» կատակերգական ֆիլմը, որի գլխավոր հերոսներից մեկին՝ Միկային, մարմնավորում է Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը: Ֆիլի ռեժիսորն Արշո Հարությունյանն է, պրոդյուսերը՝ Միշա Պողոսովը: Զրույցում դերասանը վստահեցրեց, որ այս ֆիլմի միջոցով առողջ ծիծաղ կհաղորդվի դիտողներին, քանի որ, ըստ նրա, հավաքված պրոֆեսիոնալ թիմը այդ հարցում ջանք չի խնայել:

Ռաֆայել Երանոսյանը պատմեց նաև, որ իր համար մայիս ամիսը բավականին բեղում ու տպավորիչ է եղել և շարունակվում է. «Մայիս ամիսը ինձ համար հաղթանակների ամիս էր՝ մայիսի 17-ին կայացավ «32 թատրոն»-ի նոր ներկայացման պրեմիերան, որտեղ նաև ես եմ մասնակցում, վերջերս Երևանի պետական թատրոնում կայացավ «Հատուցում» ներկայացման պրեմիերան, որը իսկապես շատ տպավորիչ էր իր տեսակով, դե իսկ արդեն մայիսի 21-ից էկրաններ կբարձրանա «Սկոտչ & Whiskey» համանուն ներկայացման կատակերգական ֆիլմը. մի խոսքով ապրում եմ ակտիվ դերասանի կյանքով և դժգոհ չեմ իմ աշխատանքից ու առհասարակ իմ կյանքից»,- նշեց Ռաֆայելն ու հայտնեց, որ առաջիկայում արդեն մի շարք առաջարկներ է ստացել, որոնք դեռ քննարկման փուլում են:

Հարցին, թե ստացված առաջարկները ընդունելու հարցում ի՞նչն է դերասանը առաջնահերթ կարևորում, պատասխանեց. «Անկախ նրանից, թե առաջարկները գեղարվեստական ֆիլմերի համար են արվում, թե ներկայացումների, ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում հավաքված թիմին, եթե պրոֆեսիոնալ մարդիկ են, ուրեմն կարելի է վստահել նրանց և սկսել աշխատանքները, իսկ եթե սկսնակ են տվյալ գործի համար հավաքված թիմի մասնակիցները, ուրեմն այդ դեպքում ծանոթանում եմ սցենարին, իմ կերպարին, տեսնում եմ, թե ինչքանով է այն հետաքրքիր ինձ համար,- նշեց դերասանն ու հավելեց, որ էպիզոդիկ դերերից երբևիցե չի հրաժարվում, քանի որ այդ առումով նա իր սկզբունքներն ունի. «Ինձ համար փոքր դերեր չկան»,- նկատեց նա:

Ռաֆայել Երանոսյանը իրեն բարձր վարձատրվող դերասան չի համարում. «Շատ անգամ, երբ տեսնում եմ, որ լավ թիմ է հավաքված, բայց գումարը քիչ է տղաների մոտ, ես ընկերական եմ նկարահանվում, որովհետև բոլորս էլ մի քաղաքի տղաներ ենք, բոլորս էլ ընկերներ ենք և իրար օգնելով պետք է առաջ գնանք, այնպես որ ֆինանսական կողմը ինձ համար այնքան էլ առաջնային չէ: Իհարկե, եթե ֆինանսական տեսանկյունից էլ լինում են լավ առաջարկներ, չեմ մերժում, քանի որ ես էլ եմ սիրում լավ ապրել, շրջագայել  և լավ հագնվել»,- շեշտեց Ռաֆայել Երանոսյան:

Հանրությանը որպես ավելի շատ կոմիկ դերասան հայտնի Ռաֆայելը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրջ դրամատիկ դերերից չի հրաժարվի. «Ես դերասան եմ, իսկ դերասանի համար, կարծում եմ, չկա այն խնդիրը, թե ինչ դերեր է մարմնավորում: Եթե ռեժիսորները աշխատում են ինձ հետ, ես մարմնավորում եմ նաև լուրջ, դասական կերպարներ, զորօրինակ վերջերս կայացած Գոռ Մարգարյանի «Ամնեզիա» ներկայացումը, որտեղ ես և Լուիզա Ներսիսյանն ենք զբաղված: Այստեղ ես խաղում եմ բոլորովին ուրիշ կերպար, ուրիշ մարդ, ուրիշ տեսակ, ուրիշ Ռաֆայել Երանոսյան, ինչին, ի ուրախություն ինձ, հանդիսատեսը շատ բուռն արձագանքեց,- նշեց նա ու շեշտեց,- պարզապես մեր երկրում մարդկանց գիտակցության մեջ կարծրացած է, որ եթե մի դերասանի ավելի շատ հանդիպում են կատակերգական ժանրում, ուրեմն նա միայն այդ ժանրի դերասան է, բայց չէ որ համաշխարհային օրինակները ցույց են տալիս, որ դա թյուր կարծիք է: Ինձ մոտ լուրջ կերպարներ մարմնավորելը ստացվում է այնքան, ինչքան ստացվում է հումորային կերպարներ մարմնավորելը»:

Հեռուստատեսային ժանրում հայտնի Անդո-Ռաֆո զույգի վերադարձի մասին էլ դերասանն ընդգծեց. «Երբեք չես կարող ասել երբեք, եթե լինի լավ առաջարկ, ինչու ոչ, նաև այդ ժանրում աշխատանք կներկայացնենք: Եթե Անդո-Ռաֆոն այս պահին համատեղ աշխատանք չեն անում, դա չի նշանակում, որ այլևս չեն անի, մենք շատ լավ ընկերներ ենք, մենք միասին խաղում ենք թատրոնում, կա ներկայացում, որտեղ զբաղված ենք հենց միայն ես և նա: Բացի այդ, մենք միասին նկարահանում ենք գովազդային հոլովակներ, որոնք հեռարձակում են արտերկրի մեր հեռուստաընկերությունները, ովքեր մեր զույգին են ուզում տեսնեն»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին