▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քվեն տաք ո՞ւմ, ձեր տունը քանդողների՞ն.Գարեգին Չուգասզյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ընդհատակում գտնվող Գարեգին Չուգասզյանը պատասխանել է ՍիվիլՆեթի գրավոր հարցերին՝ կապված Հայաստանի ներկա քաղաքական վիճակի հետ։

Պարոն Չուգասզյան, այս շաբաթ դատարանը երկու տարվա ազատազրկման դատապարտեց «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Գևորգ Սաֆարյանին։ Ինչպե՞ս եք գնահատում դատարանի այս վճիռը։ Նկատե՞լ եք, արդյոք, որ մեր քաղաքական իրականությունը նկարագրելու լավագույն միջոցը գրոտեսկն է դարձել, օրինակ՝ ծաղրանկարը։

-Իհարկե, հնարավորության դեպքում արժե անդրադառնալ այն հարցին, թե ինչն է դրա պատճառը։ Հիմա սահմանափակվեմ՝ ընդամենը նշելով, որ ամանորյա տոնածառի ողջ միջադեպը և հետագա դատավարությունը, ինչպես և Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, համաշխարհային գրականության գլուխգորխոցներից մեկի ՝ Կաֆկայի «Դատավարության» տրագիկոմիկական շարունակությունը լինելու արժանի սյուժեներ են։ Հետաքրքրականն այն է, որ «Երկիր Նաիրի»-ի դատաիրավական համակարգում քաղաքական պոռնիկների դերակատարների պակաս, այնուամենայնիվ, նկատվում է: Դատավոր Մացոյի [Մնացական Մարտիրոսյան] և «օրինակելի տուժող ոստիկան» [Գեղամ Խաչատրյան] ստեղծագործական կրակից զուրկ և անտաղանդ խաղը ձանձրալիորեն անհամոզիչ է, սակայն գավառական բեմադրիչը փոխարինողներ կարծես թե չունի։ Արժե նաև նկատել ծայրից ծայր քաղաքական այս դատավարության ընթացքի ու արդյունքների նկատմամբ «քաղաքական դաշտ» կոչվածի «ամոթխած» լռությունը:

Պատմական հետևյալ նախադեպը, կարծում եմ, շատ լավ բացահայտում է այդ լռության «խորհուրդը»: Ավստո-ամերիկացի հոգեբույժ Բրունո Բեթելհեյմը նկարագրում է այսպիսի իրավիճակ: Էսէսականը մարդ է դնգստում համակենտրոնացման ճամբարում: Կողքից անցնում է գերիների շարասյունը, որը նկատելով ծեծը, միահամուռ գլուխները պտտում է հակառակ կողմ և կտրուկ արագացնում է քայլքը, իր ողջ տեսքով ցուցադրելով, որ «չի նկատել» տեղի ունեցածը: Էսէսականը՝ չկտրվելով իր զբաղմունքից, գոչում է՝ ապրե՛ք:

Քանի որ գերիները ցուցադրեցին, որ յուրացրել են կանոնը՝ «չիմանալ և չնկատել այն, ինչ թույլատրված չէ»: Իսկ գերիների մոտ ուժեղանում է ամոթի և անզորության զգացումը, և միաժամանակ նրանք ակամա դառնում են էսէսականի հանցակիցները՝ խաղալով նրա խաղը։ Ստիպի՛ր մարդկանց ձևացնել, թե նրանք ոչինչ չեն տեսնում ու չեն լսում. ահա եվրասիական գաղութի վերածված մեր հայրենիքի պախանի մարտավարությունը, իսկ «գերի քաղաքական դաշտը» նախընտրական այսօրվա վարքով հերթական անգամ պիտի ցուցադրի՝ Մըսրա Մելիքի թրի տակով անցնելու իր ցռանվերգոյական հին բարի ավանդույթը։

Վերջին օրերին տարբեր արձագանքներ են հնչում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրվա փոփոխության վերաբերյալ։ Առաջարկվում է ընտրությունները չանցկացնել ապրիլի 2-ին, քանի որ պատերազմի տարելիցի օրն է։ Ո՞րն է ձեր գնահատականը այս հարցում։

Երևի պատահական չէ, որ Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ նախագահ դառնալու երդմնակալության 2008թ. ապրիլյան օրը համընկավ Մարտի 1-ի զոհերի քառասունքի օրվան։ Նույն չարագուշակ տրամաբանությամբ էլ երևի Ազգային ժողովի չընտրությունների օր է նշանակվել հենց Ապրիլյան պատերազմի զոհերի տարելիցի օրը, երբ Թամար Հովհաննիսյանի շանթահարող խոսքով ասած՝ սևազգեստ ու սևսիրտ մայրերն իրենց զավակների տարելիցը պիտի նշեն նրանց սպանողներին ընտրելով: Այսինքն՝ ձեր քվեն տաք ո՞ւմ: Ձեր զավակներին թնդանոթի միս սարքողների՞ն: Ձեզ վրա կրակ բացողների՞ն: Ձեր հացը ուտողների՞ն: Ձեր տունը քանդողների՞ն։ Ինչևէ, դա ի վերուստ տրված ևս մեկ առիթ է եթե ոչ ուղեղով, ապա գոնե սրտով հասկանալու ընտրությունները բոյկոտելու քաղաքացիական դիրքորոշման բարոյական անհրաժեշտությունը՝ մերժելով այս ֆարսին մաս կազմելու մեղսակցության հնարավորությունը։

Վերջին շրջանում ձևավորվում են տարբեր դաշինքներ, քաղաքական պայքարի մեջ է մտել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Քաղաքականություն է վերադարձել Գագիկ Ծառուկյանը։ Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս գործընթացները ապագա ընտրությունների ելքի վրա։

Հասարակությունն ունի իր ուրույն սոցիալական օրենքները, որոնց չի կարող չենթարկվել, ինչպես բնությունը ենթարկվում է ֆիզիկայի օրենքներին։ Լինելով տարբեր դասերից բաղկացած՝ այն այնուամենայնիվ ունի մեկ ամբողջական հանրային մարմին: Մտավորականության, զինվորականների, գործարարների, աշխատավոր դասակարգի միջև գոյություն ունեն տնտեսական և գաղափարական շրջանառության անտեսանելի խողովակներ:

Երբ այդ՝ փոխադարձ անհրաժեշտությամբ պայմանավորված, խողովակները խցանվում են, նրանց վրա սկսում է մակաբուծել զուգահեռ հիվանդագին համակարգ, որը սկսում է իրեն ենթարկել գործող համակարգի հանգույցները, որոնք այլ պարագայում գուցեև նորմալ գործունեությամբ իրար համերաշխորեն օգնեին և արդյունավետ տեղ գրավեին հասարակության մեջ… սակայն քրեական խաթարում ունեցող հանրային համակարգում ամեն ինչ պիտի ենթարկվի պետական բուրգի գլուխը մաքսանենգորեն զավթած, ինքնակալի հրահանգներ արձակող օլիգարխիկ կլանին և նրա պատժիչ ոստիկանապետությանը։

Ժողովրդի հետ հետադարձ կապը արհամարող այս տրամաբանությունը պետք է խեղի կամ ոչնչացնի հանրային մարմնի բոլոր հաստատությունները և դասերը՝ պետական ողջ համակարգը, ներառյալ բանակը, զանգվածային լրատվության միջոցները, գործարար ոլորտը, բանվորի ու երկրագործի արժանապատիվ քաղաքացու տեսակը։ Բավարար ժամանակի ընթացքում խեղումը պետք է գրոտեսկի չափերի հասնի և ստանա համապատասխան մականուններ։

Հովիկ Աբրահամյանի հեռացումով Ազգային ժողովը չի դադարելու Մուկինգեմյան պալատ լինելուց, և այնտեղ հայտվող «դաշինքները» իրենց հատկացված «ոջիլային» դերը կամա թե ակամա իրականացնելու համար պետք է ժանրի տրամաբանութամբ գրոտեսկային տեսք ու անուն ստանան: Այս մոդելի դաշինքների ընդհանրական անունը ժողովրդի կողմից արդեն իսկ վերջնականապես կնքվել է ՝ «Քաղաքական Ակտիվ Քայլ» կուսակցություն։

Տարբեր տարիների «Հիմնադիր խորհրդարանի» հետ համագործակցող ուժերից է եղել «Ժառանգությունը»։ Միասին շուրջօրյա հավաքներ եք նախաձեռնել, օրինակ, սահմանադրական փոփոխությունների դեմ։ Իր աջակցությունն էր հայտնում Սասնա ծռեր խմբավորմանը։

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին տարիների տարուբերումները լավագույնս ցույց են տալիս քաղաքական գործչի գրոտեսկային դառնալու և նման դերից հրաժարվելու հնարավորությունները։ Եթե որոշել ես Սոդոմ-Գոմորից հեռանալ՝ ետ նայել չի կարելի՝ կքարանաս։

Քաղաքական գործընթացների, զարգացումների վերաբերյալ ի՞նչ կանխատեսում ունեք։

Հայ իրականության մեջ քաղաքական ծաղրի մեծագույն վարպետը անմահ «Մեծապատիվ մուրացկաններ»-ի հեղինակ Հակոբ Պարոնյանն է։ Մարդիկ կարծում են, որ նա կատակաբարո ուրախ մարդ էր: Իրականում պահպանվել են Հրաչյա Աճառյանի հուշերը, ուր Պարոնյանին նա ներկայացնում է որպես շատ խիստ անձնավորություն: Ուղղակի նա այլ կերպ չէր կարողանում արձագանքել իրեն շրջապատող կեղծ արժեքներին և գրոտեսկի ձևաչափը իր փորձն էր կանխելու մոտալուտ քաղաքական աղետը, որի մասշտաբները երևի ինքն էլ չեր պատկերացնում։ Մեր նորագույն պատմության մեջ քաղաքական գրոտեսկին դժբախտաբար մի անգամ արդեն հետևել է քաղաքական ողբերգությունը։ Ինչպես կարտահայտվեր նորանշանակ «ցեղակրոնացված» վարչապետը․ «Արդյո՞ք կարելի է չնկատել կամ չիմանալ սոցիալական օրենքները, դեմ գնալ նրանց: Այո՛, կարելի է… Կստանա՞ք որոշ ժամանակից հետո համապատասխան հակադարձող արձագանք: Այո՛, անկասկած կստանաք»: Ընդ որում, որքան երկար և ուժեղ անտեսվեն այդ օրենքները, այնքան կոշտ ու դաժան կլինի անխուսափելի արձագանքը։ Իսկ մեր հասարակության ճակատագրի համար կասեմ հետևյալը՝ հիշում եք չէ՞, թե քանի Հաց բերող է պետք հավաքական Սոդոմ-Գոմոր կամ Կարս չդառնալու համար...

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին