Աշխարհահռչակ փոփ երգչուհի Քրիստինա Ագիլերայի երեւանյան մենահամերգը, որը պետք է տեղի ունենար 2022-ի հոկտեմբերի 22-ին՝ «Հրազդան» մարզադաշտում, հետաձգվեց՝ պայմանավորված սեպտեմբերյան ռազմական գործողություններով։
Հրապարակ.am-ն է գրում ու մանրամասնում․ «Համերգի կազմակերպիչ «Հայա» փառատոնը եւ երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրին՝ հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երեւանում։
«Ագիլերայի համերգը չեղարկվեց մեր նախաձեռնությամբ, քանի որ սեպտեմբերի 12-ին սկսվեցին ռազմական գործողությունները, եւ բոլորիս տրամադրությունն այնպիսին էր, որ չէինք կարող համերգի գովազդը շարունակել,- ասում է փառատոնի հիմնադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը եւ հավելում։- Արտիստի մենեջմենթը չեմ ասի հեշտությամբ, բայց այնքան բարի գտնվեց, որ հասկացան մեր հոգեվիճակը, նաեւ այն հանգամանքը, որ չենք կարող համերգը գովազդել, իսկ եթե չենք կարող գովազդել, համերգը, բնականաբար, չի կարող տեղի ունենալ։ Մենք առաջինն էինք, որ սեպտեմբերի 13-14-ից անջատեցինք գովազդները, որովհետեւ դա շատ տգեղ էր դիտվում այդ լուրերի ֆոնին»։
Այժմ փառատոնը փորձում է նոր համերգի համար նոր ամսաթիվ ֆիքսել․ «Բավականին երկար պրոցես ենք անցնում՝ նոր օրեր գտնելու համար, որովհետեւ Ագիլերան 2 համերգով էր գալիս․ մեկը՝ մեծ ստադիոնում, մյուսը՝ VIP ավելի փոքր մասշտաբով։ Մի քանի ամսաթվեր նշվեցին, հետո նորից չեղարկվեցին։ Սա աշխատանքային պրոցես է, ամեն դեպքում հուսով եմ, որ մեր բանակցությունները դրական արդյունք կտան, եւ կկարողանանք պաշտոնապես հայտարարել համերգի նոր օրերը»։
Ինչ վերաբերում է տոմսերին, ապա բոլոր գնված տոմսերն ուժի մեջ են․ «Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկացել են տոմսերը հետ վերադարձնել, անարգել դրանք հետ են վերադարձրել, ովքեր պահում են եւ սպասում են նոր օրվան, նրանց հետ կապի մեջ ենք։ Տոմսը պահելու առավելությունը նաեւ այն էր, որ իրենք նախավաճառքով էին գնել եւ մոտ 30 տոկոս զեղչով, բայց հետո, երբ հայտարարվի, գուցե զեղչված տոմսեր այլեւս չլինեն»։
Ամենայն հավանականությամբ, համերգը կլինի մյուս տարի, բայց արդեն այս տարվա վերջին կհայտարարվեն նոր համերգի նոր ամսաթվերը»։