▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրդական զորքերը լայնածավալ հարձակում են սկսել

Քուրդ մարտիկները ԱՄՆ-ի օդուժի հարվածների օժանդակությամբ գրավել են Սինջար քաղաքը և շրջակա որոշ տարածքներ:

Երեքշաբթի սկսված մարտարշավի ընթացքում Իրաքի Քրդական ինքնավարության փեշմերգայի մարտիկները, ԱՄՆ-ի օդուժի հարվածների օժանդակությամբ, գրավել են Հյուսիսային Իրաքում գտնվող Սինջար լեռան և նույնանուն քաղաքի շրջակա որոշ տարածքներ, որոնք նախկինում վերահսկում էր «Իսլամական պետություն» խմբավորումը:

Քուրդ պաշտոնյաները նշում են, որ իրենց զորքերը վերահսկողության տակ են վերցրել քաղաքի բոլոր կողմերում գտնվող գյուղերը՝ փակելով Սինջարով անցնող մայրուղին ու գրեթե շրջապատելով քաղաքը:

Ըստ ԱՄՆ-ի Կենտրոնական գոտու հրամանատարության, 47-րդ մայրուղին ծայրահեղականների կողմից օգտագործվում է զինյալների, զենք-զինամթերքի ու նավթի և այլ միջոցների տեղափոխման համար, այն կենսական նշանակություն ունի այդ ահաբեկչական խմբավորման թիկունքի ապահովման առումով: Ըստ ամերիկացի զինվորականների, ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքը մտադիր է ավելացնել ճնշումը «Իսլամական պետություն» խմբավորման նկատմամբ և միմյանցից անջատել ու մեկուսացնել Իրաքում և Սիրիայում գտնվող նրա բաղադրիչները:

Քուրդ 7500 մարտիկ է մասնակցում մարտական գործողություններին։ Բացի Սինջարի վերագրավումից, նախատեսվում է նաև քաղաքի շուրջ անվտանգության գոտու ստեղծում՝ քաղաքացիական բնակչությունը պաշտպանելու համար:

Մեկ շաբաթ տևած օդային ռմբահարումներից հետո՝ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի մարտական ինքնաթիռները գրոհային գործողություններ են իրականացնում՝ աջակցելով ցամաքային զորքերին:

Իսլամական պետություն խմբավորումը գրավել էր Սինջարը 2014 թվականի օգոստոսին՝ ահաբեկելով հազարավոր եզդիների ու նրանցից շատերին պաշարելով համանուն լեռան վրա, ինչն էլ առիթ հանդիսացավ ԱՄՆ-ի ղեկավարած դաշինքի օդային գործողությունների ծավալման համար, որի ընթացքում միայն Իրաքում ավելի քան 5000 հարված է իրականացվել:

ԱՄՆ-ի զինվորականները նշում են, որ երեքշաբթի օրը Սիրիայի Ռաքքա քաղաքում օդային հարվածի հետևանքով  իր մեքենայի մեջ սպանվել է Ջիհադի Ջոն մականունով ահաբեկիչը, որը հայտնի է իր գլխատումների դաժան տեսարանները համացանցում հրապարակելու և մաքուր բրիտանական անգլերենով հնչեցրած իր ահաբեկող ուղերձներով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը գոհունակություն է հայտնել այդ վերաբերյալ ստացված լուրերի կապակցությամբ. «Մենք դեռևս սպասում ենք հաստատման, բայց եթե այս հարվածը հաջողությամբ է պսակվել, ապա դա «Իսլամական «պետության» սրտի խոցումը կլինի: Այն նաև ցույց կտա, որ ով Բրիտանիային, մեր ժողովրդին ու դաշնակիցներին վնաս հասցնի, պատժվելու է. մենք երկար ձեռքեր ունենք, անհողդողդ կամք և մենք երբեք չենք մոռանում մեր քաղաքացիների մասին», - ասել է Բրիտանիայի վարչապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին