Արդեն մի քանի օր է, որ մամուլում լուր է շրջանառվում, թե ռուսական ինչ որ հակակոռուպցիոն ՀԿ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց է ներկայացրել ՌԴ դատախազություն: Այս կապակցությամբ 2rd.am կայքը դիմել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին` պարզաբանումներ տալու խնդրանքով: Մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը հեռախոսով պատասխանել է հետևյալը.
"Ես միայն նախօրեին եմ ծանոթացել այդ "ցնցող" լուրին: Անկեղծ ասած, մինչև հիմա էլ չգիտեմ. արդյո՞ք արժե արձագանքել դրան, որովետև այս աստիճանի հիմարության հազվադեպ կարելի է հանդիպել: Հենց սկսում ես մտածել դրա շուրջ ու վերլուծել այդ լուրի էությունը՝ ակամա ծիծաղում ես: Պատկերացնո՞ւմ եք, որ ՀՀ որևէ քաղաքացի այսպես կոչված "ստացման հաստատումով" նամակ գրի ՀՀ դատախազությանը՝ պահանջելով գործ հարուցել որևէ այլ պետության նախկին նախագահի, ասենք՝ Ջորջ Բուշի դեմ: Հետո, երբ նրան փոստով կառաքեն ստացման հաստատումը, հայտարարի, թե Բուշի գործերը քննվում են ՀՀ դատախազությունում: Ես հոգեբույժ չեմ, և կարող եմ միայն ենթադրել, թե ինչ է կատարվում այդ քաղաքացու գլխում: Ցավոք, նույնը վերաբերվում է այն սակավաթիվ լրագրողներին և քաղաքական գործիչներին, որոնք ամենայն լրջությամբ վերլուծում են այս լուրը ու հանգում "ցնցող" եզրակացությունների:
Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ այսպես կոչված "կոմպրոմատի" երկար տարիներ տևող անարդյունք փնտրտուքը ստիպում է ոմանց պրիմիտիվ հնարքներ բանեցնել ու նման տխմարություններ հորինել: Ցավալի է սակայն, որ մեզանում գնալով ավելանում է քաղաքական ծաղրածուների քանակը:"
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պարզաբանում է ու «դիագնոզում» քաղաքական ծաղրածուներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet