▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո պատմությունն ու՞ր է, քաղաք

Մշակութային եղեռնն է մոլեգնում Հայաստանում, մայրաքաղաք Երևանում… Գեղցիական խանդավառությամբ, անհայրենիք-անպատմություն մարդկանց հոգեբանությամբ, մանկուրտների զգացողությամբ, եթե մանկուրտները զգացողություն ունեն՝ ավերում, հողին ենք հավասարեցնում մեր պատմությունը, մեր երեկը, քաղաքակրթության այն նշանները, որոնցով ազգ ենք ու ժողովուրդ, որոնցով ձևավորել ենք մեր պատմությունը… Մայրաքաղաք Երևանի երեսից ջնջեցինք 19-րդ դարավերջի շատ հուշարձաններ, հետո անցանք կոմստրուկտիվիզմի շրջանի շենքերին, դրանցով չբավարարված՝ խորհրդային մոդեռնի շատ արժեքավոր գործեր ոչնչացրեցինք: Հիմա էլ՝ Աֆրիկյանների ակումբը, այն եզակի շենքերից մեկը, որոնցով Երևանը քաղաք է ներկայացել, քաղաքային կենցաղ ու մշակույթ է ձևավորել: Այս շենքն այսօր պետք չէ նրանց, ովքեր թուրքի ու հրոսակի հոգեբանությամբ՝ կամենում են Երևանը թողնել անհիշողություն, կամենում են իրենց փառասիրության դղյակները վեր բարձրացնել՝ծիծաղելի, ողորմելի դարձնելով մոտ 3000-ամյա քաղաքի պատմությունը…
Թուրքն էր այսպես ոչնչացնում ու ավերում այն ժողովուրդների պատմությունն ու մշակույթը, որտեղ ասպատակում էր…
Ուրեմն, ի՞նչ, մե՞նք էլ դարձել ենք թրքաբարո…
Ազերիները մեր հաշվին պատմություն են հորինում, իրենց են վերագրում մեր արարածն ու ստեղծածը, իսկ մենք անխղճաբար ավերում ու ոչնչացնում ենք:
Հանուն ինչի՞:
Հանուն այն բանի՞, որ մի քանի հափռգածներ իրենց երջանիկ զգան, իրենց անամոթության պալատները վեր բարձրացնեն…
Բայց վաղը մեր երեխաները կանգնելու են բետոնապատ Երևանի փողոցներում և բղավելու են. 
- Քո պատմությունն ու՞ր է, քաղաք…
Արձագանք չի հնչելու, որովհետև այսօր մեր թողտվությամբ, միքանի բաշիբոզուկների նախաձեռնությամբ ջնջվել-ոչնչացվել է այդ պատմությունը…
Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ամբողջապես Երևանին չենք զրկել պատմությունից ու հիշողությունից՝ հե՛տ կանգնենք, փրկենք հազվագյուտ կառույցները…
Փրկենք, որպեսզի հիշողության դատը մեզ չսպառնա…

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին