▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քմահաճույքով

«Ժողովուրդ» թերթն իր խմբագրականում գրում է.     Երեկ, ի թիվս այլ կարևոր կադրային փոփոխությունների հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Այս հրաժարականը բավականին անսպասելի էր: Բացի այն, որ մեր հավաստի տեղեկություններով, օրերս Հովսեփյանի ռուսաստանաբնակ եղբոր և Սերժ Սարգսյանի միջև ՊԵԿ նախագահի հետագա պաշտոնավարման հարցը քննարկվել էր և ձեռք էր բերվել համաձայնություն, բացի այն, որ ընդամենը տասներկու օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակավ գովում էր Հովսեփյանի աշխատանքը և հայտարարում, թե «ամեն ինչ անելու ենք, որ նրա սկզբունքային քաղաքականությունն այս ոլորտում շարունակվի», իրականում ՊԵԿ նախագահի աշխատանքից դժգոհելու առիթ չկար: Ավելին հենց Հովսեփյանն էր այն առաջին ՊԵԿ նախագահը, որին աշխատակազմին ներկայացրեց անձամբ Սերժ Սարգսյանը՝ բավականին լուրջ վստահության քվե տալով վերջինիս:

Արդ՝ ինչպես պատահեց, որ մարդուն, ում ընդամենը յոթ ամիս առաջ Սերժ Սարգսյանը հրապարակավ վստահեց, իր իսկ ձևակերպմամբ, մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը, ում աշխատանքից հետագա ամիսներին մի քանի անգամ հրապարակավ հայտնեց իր գոհունակությունը, հիմա առանց որևէ հստակ բացատրության հեռացնում է համակարգից:

Եթե Հ. Հովսեփյանը լավ չէր աշխատել, այդ դեպքում ինչու էր Սերժ Սարգսյանը հրճվանքով նշում, որ օրինակ, ապրիլին եղել է 100 միլիարդ դրամի հավաքագրում, մի ցուցանիշ, որն ըստ նրա՝ աննախադեպ է: Հովսեփյանի կողմից մաքսակետերում կատարված նկատելի փոփոխությունների մասին էին փաստում նաև տարբեր գործարարներ և անգամ շարքային քաղաքացիներ:

Եվ ուրեմն, եթե նա ազնիվ էր (ինչպես պնդում էր նույն Շարմազանովը՝ ասելով, որ Հովսեփյանը ոչինչ չի ներկրում Հայաստան և չի արտահանում, չունի այստեղ շահեր և հնարավորություն է տալիս ազատ մրցակցելու), եթե նրա աշխատանքի արդյունքներից գոհ էր Սերժ Սարգսյանը, և եթե նա անում էր հնարավորը՝ իր ղեկավարած կառույցի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար, ինչպես կարելի է նրան «զոհաբերել» հանուն Կարեն Կարապետյանի քմահաճույքի:

Իսկ եթե դա այդպես չէր, ապա սպասում ենք իշխանությունների պարզաբանումներին, թե ինչում էր ձախողել Հովսեփյանը:

Ի վերջո, սեփական թիմի անդամներին իրավիճակային քաղաքական շահերին զոհաբերելու՝ Սերժ Սարգսյանի հենց այս գործելաոճն է պատճառը, որ նա վերջնարդյունքում մնաց մոսկվայաբնակ կադրերի հույսին:

 

Ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին