Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մեծաթիվ հայ բնակչություն ունեցող Քեսաբի իրադարձությունների մեջ Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցնում է պատմության սև էջերը՝ Օսմանյան կայսրության կազմակերպած 1915-ի Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին գրել է «The Wall Street Journal»-ն՝ անդրադառնալով Քեսաբի դեպքերին: Հեղինակավոր պարբերականի անդրադարձը ներկայացրել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը:
«Կիրակի օրը Սիրիայի հայությունն իր զայրույթը հայտնեց մահմեդական ծայրահեղականների գործողությունների նկատմամբ, որոնց պատճառով վտանգվել է Քեսաբ գյուղաքաղաքի քրիստոնյա բնակչության կյանքը: Հայերը գաղթել են Քեսաբից ` հուսալով, որ նախագահ Բաշար Ասադի վարչակազմին կհաջողվի պաշտպանել իր և հայության շահերը:
«Թուրքերը կրկին մեր դեմ են դուս եկել: Պատմությունը նկատի ունենալով` այս մեկն անընդունելի է: Ցեղասպանությունը կրկնվում է Քեսաբում: Ի՜նչ վատ օրեր: Աստված պահապան բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են գեղեցիկ Քեսաբ գյուղաքաղաքը»,- Twitter-ի միկրոբլոգում Քեսաբի բնակիչներից մեկի գրառումն է մեջբերում պարբերականը:
Իսկ քեսաբցի ուսանողներից մեկը նշել է.
«Քեսաբի ժողովուրդը վռնդված է իր տներից և ապրում է Լաթաքիայի հայկական եկեղեցում, ուր սնունդ է ստանում տեղացի հայերից»,- ասել է քեսաբցի մի ուսանող, ով ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններում և ում ընտանիքի անդամները լքել են Քեսաբը:
«Վայրը, որտեղ մենք ապրել ենք, վերածվել է պատերազմական գոտու: Միակ դրական բանն այն է, որ քեսաբի ժողովուրդը, ներառյալ ընտանիքս եւ ընկերներս, կարողացել են ժամանակին փրկվել: Պատերազմից հետո նրանք հաստատ անտուն կմնան»,- ավելացրել է նա: