ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վիեննայում անցկացվելիք բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում և վերահաստատել հրադադարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Վիեննայում տված բացառիկ հարցազրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ:
«Ազատություն»․ – Պարոն դեսպան, պարոն Ուորլիք: Բոլորը սպասում են ձեր խոսքին՝ ի՞նչ է այժմ կատարվում այստեղ, Վիեննայում: Այսօր այստեղ ղարաբաղյան հարցով բանակցություններ են սպասվում, կարո՞ղ եք մեզ մի քանի բառով պատմել, թե ինչ է կատարվում:
Ուորլիք․ – Այո, հանդիպում է նախատեսված, որին կմասնակցեն Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, պետքարտուղար Քերին և Ֆրանսիայի պետնախարար Հարլեմ Դեզիրը, ով կհյուրընկալի հանդիպումը նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Եվ մենք հույս ունենք, որ արդյունավետ քննարկում տեղի կունենա:
«Ազատություն»․ – Շատերն են այժմ խոսում, որ երկու նախագահների հանդիպման հարցը վերջնականապես վճռված չէ, վստահ չեն, որ նախագահները կհանդիպեն: Ի՞նչ կասեք այդ մասին, դուք հանդիպում սպասո՞ւմ եք:
Ուորլիք․ – Մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները հանդիպումներ կունենան պարոն Լավրովի, պետքարտուղար Քերրիի, նախարար Դեզիրի հետ:
«Ազատություն»․ – Եվ հույս ունեք, որ երկու նախագահները կհանդիպե՞ն: Մեկ այլ հարց՝ մենք գիտենք, որ նախագահ Սարգսյանը, նախքան համաձայնելը այս հանդիպմանը, որոշ, ինչպես ինքն է ասել՝ ոչ թե նախապայմաններ, այլ առաջարկություններ է արել: Մասնավորապես, որպեսզի միջազգային հանրությունը հետևի, որ հայկական դիրքերի վրա նոր հարձակումներ չլինեն: Նա ասել է, որ կարող է համաձայնել վերսկսել բանակցությունները միայն այդ պայմաններով՝ որպեսզի միջազգային հանրությունը երաշխավորի անվտանգությունը: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:
Մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են …
Ջեյմս Ուորլիք
Ուորլիք․ – Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ: Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը համապարփակ կարգավորման ուղղությամբ:
Մանրամասներն՝ այստեղ