▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրքորյանի կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ Հայաստան բառը, ոչ տվեք կամ մի տվեք արտահայտությունը…

«168 Ժամ»-ը գրում է, որ  զրուցել է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը: Նա պարզաբանումներ է ներկայացնում ամերիկահայ բարեգործ Քըրք Քըրքորյանի կտակի, իշխանությունների հետ նրա փոխհարաբերությունների, «Լինսի» հիմնադրամի գործունեության շուրջ ծավալված ասեկոսեների շուրջ, ինչպես նաև անդրադառնում է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, հայաստանյան քաղաքական և տնտեսական խնդիրներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քըրքորյանը 98 տարեկան հասակում մահացել էր 2015թ. հունիսին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԱՄՆ-ում գաղտնիության պայմաններում բացվել էր Քըրքորյանի կտակը, որով բարերարը հանձնարարել է վաճառել իր ողջ ունեցվածքն ու գումարներն ուղղել բարեգործությանը:

Կտակի համաձայն՝ այդ գումարով պետք է ֆինանսավորվեն բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են Քըրքորյանի կենդանության օրոք: Ք. Քըրքորյանն իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամը փակեց 2011թ.: 2000-ական թվականների սկզբին ճանապարհաշինարարության, դպրոցների ու մշակութային տների վերանորոգման համար Հայաստանին 200 միլիոն դոլար էր հատկացրել: Մինչ այդ, սակայն, բարերարը, ըստ տեղեկությունների, 45 միլիոն դոլար էլ հատկացրել էր աղետի գոտու բնակարանաշինության համար:

– Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի կտակի շուրջ տարբեր ասեկոսեներ են պտտվում, մասնավորապես, որ նա 200 մլն դոլար է կտակել Հայաստանին և պայման դրել, որ այդ գումարի հետ ՀՀ իշխանությունները պետք է որևէ առնչություն չունենան: Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք այդ մասին, ճի՞շտ են:

– Այդ բոլորը կեղծիք է, ոչ մի նման նշում չկա Քըրքորյանի կտակի մեջ, մարդիկ պարզապես երևակայական խոսքեր են ասում, հնարում են, որը շատ ցավալի է ինձ համար: Այդ մարդիկ երբեք կտակը չեն տեսել և «հավաստի աղբյուրներ» են նշում, բայց եթե հավաստի լիներ, կտակը կտեսնեին և այդպիսի սուտ բաներ չէին ասի: Կտակի մեջ ոչ «իշխանություն» բառը կա, ոչ Հայաստան, ոչ տվեք կամ մի տվեք արտահայտությունը… լրիվ կեղծիք է: Քըրքորյանը իր կյանքում երբեք չի զբաղվել մանրամասներով, ինքը միշտ տվել է ընդհանուր ուղղություն և իր աշխատողները, օգնականներն են գործադրում իր կտակը:

Նա կտակել է, որ իր ամբողջ հարստությունը տալու է բարեսիրությանը՝ առանց մանրամասնելու, թե ո՞ր կազմակերպություններին, որտե՞ղ, հայկակա՞ն, թե՞ օտար կազմակերպություններին: Կտակին պատասխանատու կա, որը մոտ 50 տարի նրա հետ աշխատել է և շատ լավ է իմանում Քըրքորյանի մոտեցումները, նախասիրությունները և պարոն Քըրքորյանն իր ամբողջ կյանքի ընթացքում գումարներ է նվիրաբերել թե´ հայկական և թե´ օտարազգի ծրագրերի, և ես կասկած չունեմ, որ մահից հետո էլ իր փափագը նույնն է, որ իր հարստությունը գնա հայկական և ոչ հայկական բարեսիրական ծրագրերի:

Հայկականի մեջ, անշուշտ, մտնում է նաև Հայաստանը: Դեռ շատ հարցեր կան, որ պետք է լուծվեն, իր մասնաբաժինը MGM-ում պետք է վաճառվի և փողի վերածվի, այդ ամենը մոտ 1 տարի կշարունակվի, հետո կորոշվի, թե որ ծրագրին՝ որքան գումար տան: Շատ գործ կա անելու և ես վստահ եմ, որ այդ մարդն իր գործը լավ կանի:

– Ամեն դեպքում, ըստ շրջանառվող լուրերի, Ք. Քըրքորյանը ՀՀ իշխանություններից կարծես դժգոհ հեռացավ, «Լինսի» հիմնադրամում մնացած գումարն էլ հետ տարավ:

– Դա լրիվ կեղծիք է եղել, ոչ մի աղբյուր չկա, որ նման բան հաստատի, ճիշտ հակառակը՝ ես էի պատասխանատու Հայաստանում Քըրքորյանի ծրագրերի համար, Քըրքորյանը եկել է Հայաստան, տեսել է աշխատանքները, ուղղակի հիացել է և շատ գոհ է եղել, ոչ մի պատճառ չուներ նեղանալու, իր փողերին ոչ մի բան չի պատահել: 904597bf39098a3ecfbc60465aaf0034

– Յուրացումների ու փոշիացումների մասին էին խոսում:

– Ոչ մի յուրացում չի եղել, ես հսկել եմ, որ ոչ մի բան չլինի: Եթե գողացվել է, ուրեմն ես եմ պատասխանատուն, և, կամ ես եմ գողացել, կամ թույլ եմ տվել, որ գողը գողանա և ես եմ գլխավոր մեղավորն այդտեղ: Ես գիշեր-ցերեկ աշխատել եմ, որ որքան կարելի է, մարդկայնորեն կարելի է՝ չթողնել, որ որևէ մի կոպեկ էդտեղ կորի:

Անշուշտ, հնարավոր է, որ փոքր բաներ այստեղ, այնտեղ կորեն, բայց չենք թողել, ամեն ինչ արել ենք՝ մարդկանց դատի ենք տվել, պաշտոնից հանել ենք նրանց, ովքեր փորձել են ինչ-որ բան անել, նրանց գործ չենք տվել, պայքարել ենք, որ չթողնենք՝ որևէ փող կորի: Եվ պարոն Քըրքորյանը հիմնադրամը չի փակել որպես նշան բողոքի, ճիշտ հակառակը՝ ինքը 10 տարի առաջ որոշել էր, որ երբ հասուն տարիքի հասնի, չի ցանկանում առօրյա գործերով զբաղվել, պետք է փակի հիմնարկը, նաև այն հիմնարկը, որ ամերիկյան բարեսիրության համար մեծ փող էր տալիս, ոչ միայն հայկականը: Եթե հայերից նեղացել էր, ապա ինչո՞ւ փակեց նաև ամերիկյան հիմնադրամը, եթե հայերից նեղացել էր, ապա հայերին չէր տա ու կշարունակեր ամերիկացիներին տալ, չէ՞: Բայց՝ ոչ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

– Հիմնադրամում մնացած 200 մլն դոլար գումարը, որ նախատեսել էր Հայաստանում ծախսել, ետ վերցրեց և Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղին նվիրաբերեց:

– Դա սուտ չէ, բայց պետք է բացատրել, թե ինչ է: Երբ 4 տարի առաջ «Լինսի» հիմնադրամը փակվեց, այդ ժամանակ «Լինսի» բանկային հաշվին կար 200 մլն դոլար, որն ինքը նվիրեց Լոս Անջելեսի համալսարանին, որպեսզի «Լինսին» լրիվ փակի, որովհետև փողը պետք էր լրիվ ծախսել, հաշիվը զրոյացնել, դրա համար նվիրեց և «Լինսի» հիմնադրամը փակեց:

– Դա էլ, թերևս, գնահատվեց, թե նա նեղացել էր ՀՀ իշխանություններից, դրա համար այդ գումարը Հայաստանում չի ծախսել:

– Չէ, երբեք չի նեղացել: Եթե մարդիկ ասում են, որ նեղացել է, ապա պետք է մի բան իմանան: Քըրքորյանն իրենց ասե՞լ է, որ նեղացել է, մեկը խոսե՞լ է իր հետ: Նա դա նվիրաբերել է իր տան կողքին գտնվող համալսարանին կից մեծ հիվանդանոցային համակարգին, որտեղ ինքն անընդհատ բուժվում էր վերջին տարիներին, և նախքան այդ գումարը արդեն ևս 70 մլն դոլար նվիրաբերել էր այդ համալսարանի հիվադանոցին: «Լինսի» հիմնադրամի հաշվին կարող էր լինել 1 դոլար կամ ինչ-որ էր, և դա էլ նվիրեց, որ «Լինսի» հիմնադրամը փակեն: Դա չէ գլխավորը: Մարդիկ կենտրոնանում են 200 միլիոն դոլարի վրա, իսկ իր հարստությունը շատ ավելի մեծ է, մի քանի միլիարդ է, որ ինքը լրիվ կտակել է բարեսիրությանը, հայկական և ոչ հայկական բարգործական կազմակերպություններին:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին