Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները բուհերում իրազեկման ակցիա է իրականացնում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման: Խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ուսանողներին կոչ է անում տրանսպորտի համար չվճարել 150 դրամ: «Ակնհայտ է, որ բոյկոտը հաջողվել է: Քաղաքային իշխանությունները ոչ միայն գաղափարապես են սխալ ուզում վարվել սեփական բնակչության հետ, այլև տեխնիկապես պատրաստ չեն որևէ բարեփոխում իրականացնելու»,- նշեց Սամվել Հակոբյանը և կոչ արեց ուսանողներին. «Ցույց տվեք իշխանություններին իրենց տեղը, թույլ մի տվեք մտնեն ձեր ծնողների գրպանը: Քաղաքային բյուջեն ձևավորում եք դուք, ձեր ծնողները, իսկ մսխում է Տիգրան Ավինյանը»:
***
«Մայր Հայաստան»-ի՝ բուհերում տրանսպորտի դեմ թանկացման իրազեկման ակցիային միացան նաև ուսանողներ: Ուսանողներից մեկը նշեց, որ ի սկզբանե չի վճարել 150 դրամ: Ուսանողի խոսքով ուսմնան բարձր վարձերին, տան բարձր վարձերին գումարած այս թանկացումները բավականին ծանր է անդրադառնում ուսանողների վրա: «Իմ կարծիքով ավելի շատ ուսանողությունը կտուժի, որովհետև ուսանողներն են ավելի շատ օգտվում: Կոչ եմ անում անում ոչ մեկին չվճարել: Պետք չի լցնել ինչ-որ մեկի գրպանը միայն նրա համար, որ իրենք էդ ուզում են: Բոլորս էլ տեսնում ենք, որ իրենց թերակատարումների որդյունքն է այս ամեն ինչը: Իրենց թերակատարումները լցնելու համար են ուզում ժողովրդի գրպանը մտնել»,-ընդգծեց ուսանողը՝ հավելելով. «Ավտոբուսները իրենք չեն ձեռք բերել, ժողովրդի հարկերով են ավտոբուսները ձեռք բերել»
***
«Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիայի ժամանակ ավագանու ընդդիմադիր անդամները ԵՊՀ-ում միացան ուսանողների կազմակերպած Տեառնընդառաջի միջոցառմանը, այնուհետև կոչ արեցին բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Դասախոսներից մեկին դա դուր չեկավ, ով մոտեցավ ակցիայի մասնակիցներին՝ հարցնելով. «Ինչո՞ւ եք երեխաների միջոցառումը հարամ անում»:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում դասախոսն իր խոսքում նշեց. «Ես կուռք չունեմ ո՛չ իշխանության մեջ, ո՛չ ընդդիմության մեջ: Ես մատս դնում եմ ցավոտ հարցերի վրա՝ օգնելու համար: Գույքահարկի մասին էլ եմ գրել: Էդ փաթեթները անիմաստ էր, 150-ը նորմալ էր: Ես դեմ եմ հիմա հետ գնալուն»:
***
«Քաղաքացիները իրավունք ունեն բոյկոտեն և չթալանվեն այս քաղաքային իշխանության կողմից: Ամենօրյա ռեժիմով շարունակվելու է բոյկոտը, կրեատիվ նոր մեթոդներ են լինելու»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը: Ավագանու անդամը ընդգծեց. «Մենք պետք է հասնենք նրան, որ ինչպես վախեցան 300 դրամը դարձրեցին 150, այնպես էլ վախենալու են և գալու են տրանսպորտի հին սակագնին: Երևան քաղաքը ունի միլիարդավոր բյուջե և իրավունք ունի իրեն վերապահել, որ մեր քաղաքացիները երթևեկեն 100 դրամով այս չբարեփոխված տրանսպորտով»:
|
|
|