«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ընտրություններին դեռ ամիսներ կան, սակայն որոշ թեկնածուներ, հետ չմնալով Տիգրան Ավինյանից, արդեն չհայտարարված քարոզարշավ են սկսել։ Հատկապես ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում, քանի որ այստեղ միասնական թեկնածուի խնդիր կա: Ընդդիմադիրները փորձում են տարբեր ֆորմատի հավաքներ անել, լայն կոնսոլիդացիա ապահովել՝ ցույց տալով, թե ով է միասնական թեկնածուն։
Հատկապես ակտիվ է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ եւ թեկնածու Մանե Թանդիլյանը, ով մեծ թվով հանդիպումներ է ունենում: Ակտիվացել է նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը, ով շաբաթ օրը հավաք էր հրավիրել` բավականին խայտաբղետ կազմով: «Բեկում» երիտասարդական ֆորումի հավաքն ընթացել է «2018 թվական. հեղափոխությո՞ւն, թե՞ խաբեություն» խորագրով։
Մասնակցել են Բագրատ սրբազանը, Հրանտ Թոխատյանը, քաղաքագետներ, ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ, զոհվածների ծնողներ, սակայն հարազատ ֆրակցիայից միայն պատգամավոր Արեգնազ Մանուկյանն է եղել, ինչը նշանակում է, որ Թեւանյանի առաջիկա առաջադրումը դաշինքում միանշանակ չի ընկալվում։
Հավաքի մասնակիցները պատմեցին, որ Թեւանյանն իր շրջապատին վստահեցրել է, թե ունի 2-րդ նախագահի աջակցությունը` Ռ. Քոչարյանն իր տրամադրության տակ է դրել իր ազդեցության դաշտում գործող քարոզչամիջոցներին, համակիր ակտիվիստներին, բլոգերներին, չի բացառվում, որ Թեւանյանին աջակցելու մասին նաեւ հրապարակային հայտարարություն անի։ Սա թերեւս լավագույն լուծումն է Քոչարյանի համար, ով ավելի լավ թեկնածու չունի եւ որոշել էր դիտորդի կարգավիճակ ստանձնել՝ դաշտն ազատ թողնելով: Թեւանյանի առաջադրումով կստացվի՝ ո՛չ լիարժեք մասնակցում է ընտրություններին, ո՛չ ֆինանս է ծախսում, ո՛չ հուսադրում մյուս թեկնածուներին, մասնավորապես` Արթուր Վանեցյանին, որ նրան կպաշտպանի, բայց նաեւ ամբողջությամբ չի հեռանում ասպարեզից»: