Ոչ իշխանական 4 ուժերը հայտարարել են, որ պատրաստվում են 3-օրյա հանրահավաքի Ազատության հրապարակում, և դա լինելու է ապրիլի 28-30-ին: Սա, անկասկած, ճնշում է իշխանությունների վրա, որպեսզի հանկարծ ու հանկարծ մտքներով չանցկացնեն պարտադիր կուտակայինի մասին օրենքը սահմանադրությանը համապատասխանող ճանաչել:
Դատելով ոչ իշխանական ուժերի հռետորաբանությունից՝ նրանք ամենայն լրջությամբ Հայաստանում Մայդան են նախապատրաստում, իսկ պարտադիր կուտակայինի մասին օրենքը հենց այն գործոնն է, որ նրանց շուրջ կարող է համախմբել հազարավոր մարդկանց, անգամ եթե այդ մարդկանց մեծ մասն աոռօրյայում անտարբեր է այս կուսակցությունների նկատմամբ:
Սա, անկասկած, արկածախնդրության տարր պարունակող քայլ է, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ եթե բանը բանից անցնի, այդ չորս ուժերից որևէ մեկը, կամ բոլորն իրար հետ վերցրած, ունեն բավարար հեղինակություն՝ խելագարված ամբոխներին զսպելու ու կառավարելու հարցում: Մյուս կողմից, ինչ-որ բան, այնուամենայնիվ, անել պետք է, որպեսզի կառավարությունը իր գոմեշի համառությունը մի կողմ դնի ու երկխոսության նստի, որովհետև պարտադիր կուտակայինը չեն մարսելու ոչ իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը: