Ընտանիքը Քիմ և Քլոյ Քարդաշյանների համար ամենից կարևոր է. սա քույրերն ապացուցել են` դիմելով իրենց երկրպագուներին և խնդրելով օգնել իրենց բարեկամուհուն` Սիսիին, ով արդեն 17 տարի է` պայքարում է քաղցկեղի դեմ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը` հավելելով, որ Սիսին ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի. անվերջ թվացող քիմիոթերապիաներին նրա օրգանիզմն այլևս չի արձագանքում: Քարդաշյան քույրերը հաղորդագրություն են տեղադրել իրենց բլոգերում՝ կոչ անելով երկրպագուներին ոսկրածուծի դոնոր դառնալ Սիսիի կյանքը երկարացնելու համար: Քանի որ Սիսին հայկական ծագում ունի, նրան հայ դոնոր է պետք: Քարդաշյան քույրերն իրենք մեծ հոժարությամբ դոնոր կդառնային, միայն թե նրանք չեն համապատասխանում որպես դոնոր:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քարդաշյան քույրերը նման կոչերով են հանդես գալիս: Դեռ անցյալ տարի Քիմը պարբերաբար գրում էր Զաք անունով մի երիտասարդի մասին, որը սրտի փոխպատվաստման կարիք ուներ, իսկ երկու շաբաթ առաջ Քիմը հաղորդել էր, որ Զաքն արդեն վիրահատվել է և նոր ու առողջ սիրտ ունի: