▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ մարդկանց փողոց դուրս գալու վտանգը կա, իշխանությունները կգերադասեն ՀԱԿ-ին պահել ԱԺ-ում

Հայաստանում մարդիկ հոգնել են քաղաքական գորշությունից ու հեղափոխական թարմացման կարոտով են տապակվում: Հաճախ կարելի է լսել շարքային քաղաքացու տրտունջը Հայաստանի իշխող վերնախավի հոգեմտավոր թերխաշության, արտաքին ու ներքին գավառականության, անհագ ընչաքաղցության, անօրինության և բռնության հանդեպ նրա ունեցած հակումների կապակցությամբ: Զանգվածային բողոքի դրսևորումները կանխելու ուղղությամբ ՀՀ գործող իշխանությունները հետևողական ու, հիմնականում, հաջողված քայլեր ձեռնարկել են՝ մասնավորապես խորհրդարան բերելով փողոցի ապստամբական ընդդիմության առաջնորդներին և այնտեղ նրանց դարձնելով բացարձակ փոքրամասնություն ԲՀԿ, Դաշնակցություն, Ժառանգություն, ՀԱԿ խորհրդարանական պաշտոնապես ճանաչված ընդդիմադիր ձևաչափի համատեքստում: Շատ բան կախված կլինի նրանից, թե իշխանական թևի ձևավորած ԲՀԿ-Դաշնակցություն պայմանականորեն ընդդիմադիր բևեռը որքանով կկարողանա իր կողմը գրավել իրական ընտրողին: Նրանց խնդիրն է այնպես անել, որ մարդիկ փողոց դուրս գալու հետ հույսեր չկապեն ու, միաժամանակ, հույսեր չկապեն նաև խորհրդարանում հայտնված փողոցային ընդդիմության երբեմնի առաջնորդների հատ: Դրա համար մասնակցում են համատեղ հանրահավաքների, ֆինանսավորում դրանք: Քանի դեռ մարդկանց փողոց դուրս գալու վտանգը կա, իշխանությունները կգերադասեն ՀԱԿ-ին պահել խորհրդարանում և, այդ դեպքում, Ժառանգությունն էլ նրանց պետք կգա, որպես փողոցային պայքարի ճանապարհ անցած ՀԱԿ-ի իբր երկվորյակ կուսակցություն: Այնուամենայնիվ հեղափոխության համար հիմքերը միանգամայն առարկայորեն պահպանվում են և ներկայումս իշխող վերնախավը շատ անսպասելի կերպով կարող է փաստի առաջ կանգնել, եթե քաղաքական աճպարարությանը զուգահեռ չձեռնարկի նաև սեփական որակական վերափոխմանն ուղղված տեսանելի քայլեր:

Արման Մելիքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին