▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանդելու ենք դատախազության հանդեպ կարծրատիպերը. Արթուր Դավթյան

 

 

«Ուրախ եմ Ձեզ ողջունելու մեր համակարգի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող Դատախազության 101-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ մեր հարկի տակ գտնվելու և տոնը մեզ հետ կիսելու համար: Նոր հարյուրամյակում համակարգի տարեդարձ նշելու առաջին առիթն է սա, ինչը խորհրդանշում է հարյուրամյակի փորձառությամբ հարստացած, բայց և արդիական, նոր ժամանակների պահանջներին համարժեք համակարգ ունենալու իրողությունը: Այս առթիվ ուզում եմ սրտանց շնորհավորել բոլորիս՝ դատախազի, դատախազության աշխատակցի պարտավորեցնող և հպարտության վսեմ զգացումներ առաջացնող կոչումն ունենալու համար»,- այս մասին  այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նա մասնավորապես նշել է. «Առաջին հերթին շնորհավորանքիս խոսքերն ուղղում եմ մեր սիրելի վետերաններին, որոնք համակարգի կենսունակության, մեր երկրում իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակին համահունչ շարունակում են ապրել իրենց հարազատ համակարգի առօրյայով, ուրախանալ ձեռքբերումներով, հոգեպես ու բարոյապես նեցուկ կանգնել, իրենց փորձն առաջարկելով նպաստել դժվարությունների հաղթահարմանը: Դա թանկ է մեզ համար: Շնորհակալություն Ձեզ՝ մեր պետության, համակարգի կայացման, ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Հարգելի՛ ներկաներ,

Նման մասնագիտական տոներին ընդունված է խոսել ձեռքբերումների մասին, գնահատել կատարած աշխատանքը, խոսել անելիքներից: Այդ համատեքստում կցանկանայի առավելապես շեշտադրումները կատարել այն արժեքների և առաջնահերթությունների վրա, որոնց հենքին կառուցում ենք այսօրվա և վաղվա դատախազությունը:

Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը, իր սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած լինելու իրողությունը: Այդ կայունության հիմքում ժառանգված ինստիտուցիոնալ հիշողությունն է, ահռելի պատմական փորձը, պարտականությունների կատարման նկատմամբ պատվախնդիր և պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը: Նման որակները չեն կարող արտահայտվել առանց պետական մտածողություն կրելու, առանց արկածախնդրությունից, ինտրիգներից, աշխատանքային գործունեության ընթացքում քաղաքական հայացքներին կամ մանիպուլյատիվ էֆեկտով տարատեսակ տեղեկատվական հոսքերով ներշնչվող տրամադրություններին տուրք տալուց կատարելապես զերծ մնալու, բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում լինելու անհրաժեշտության խորքային գիտակցման: Որակներ, որոնք լավագույնս դրսևորվելով հատկապես նախորդ տարվա պատմական շրջադարձային իրադարձություններից հետո ծավալված՝ ծանր, առանձնապես ծանր հանցագորությունների բացահայտման հիմնավորման, քրեական հետապնդումների, մեղադրանքի, պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթներն իրացնելիս, էապես նպաստեցին մեր երկրում իրավական կայունության և անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, քրեաիրավական ոլորտում գործընթացների բնականոն շարունակականությանը:

Ուզում եմ բոլորիդ հատուկ շնորհակալություն հայտնել այդ քննությունը բռնելու, պետական ծառայողին հարիր քաղաքականապես չեզոք, բացառապես մասնագիտական դաշտում մնալու վարքագիծ և հավատամք դրսևորելու համար: Դրանով դուք, իբրև անհատ և իբրև հավաքականություն, ամրապնդում եք մեր պետականության կայացվածության, շարունակականության և դատախազական համակարգի՝ դրա անքակտելի մասը լինելու համոզմունքը:

Այսօր էլ մեր դատախազները, անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից: Շնորհակալություն հանուն ձեր մասնագիտական պարտքի՝ այդ զոհողությունների և կամքի դրսևորման համար»:  

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային պատմություն. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին