▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պղնձամոլիբդենայինի աշխատակցի առեղծվածային մահը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 28-ին Մեղրիի անցակետում լարված իրավիճակ է եղել: Տեղի բնակիչները փորձել են Արաքս գետում փնտրել Ագարակ քաղաքի  բնակիչ Ջենիկ Խաչատրյանի դին, սակայն իրանական կողմի սահմանապահները չեն ընդառաջել բնակիչների խնդրանքին: Նախնական տեղեկություններով՝ Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի պոմպավար Ջենիկ Խաչատրյանի մահը վրա է հասել ձկնորսության ժամանակ՝ հոսանքահարումից:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝  հունիսի 28-ին, Ագարակ քաղաքի մի խումբ բնակիչներ ժամեր շարունակ Արաքս գետում իրենց հարազատի դին են փնտրել: Ըստ հավաքվածների՝ գետում խեղդված տղամարդն Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակից Ջենիկ Խաչատրյանն է եղել, ով Էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ է որսացել եւ հոսանքահարվելով ընկել է գետը:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մահացածի հարազատները ժամեր շարունակ Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահների հետ բանակցություններ են վարել Ջենիկ Խաչատրյանի դին համատեղ փնտրելու համար, սակայն սահմանապահների կողմից որոշ դժգոհություններ են եղել եւ նրանք այնքան էլ բարյացակամ չեն եղել հարազատների խնդրանքների նկատմամբ:

Ինչպես տեղեկացանք, 54-ամյա Ջենիկ Խաչատրյանն ապրում էր Ագարակ քաղաքում, ամուսնացած էր, ուներ երեխաներ եւ մեկ եղբայր: Ագարակցիների խոսքով՝  մահացածի հարազատների գրեթե մեծ մասն աշխատում է կոմբինատում:

Դեպքի որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ջենիկ Խաչատրյանի հարազատ եղբոր՝ Դենիկ Խաչատրյանի հետ, ով Ագարակ քաղաքի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի վարորդն է:

Մեր զրուցակցի պատմածով, իր եղբայրը շուրջ 20 տարի է, ինչ աշխատում էր կոմբինատում. «Աշխատում էր որպես ջրի պոմպավար: Առավոտյան ժամը 8-ին գնացել է աշխատանքի: Մի փոքր ուշ,   գլխավոր  էներգետիկին տեղյակ է պահել, թե գնում  է ջրին ճնշում տալու, չանհանգստացնեն իրեն մինչեւ ինքը հետ կգա: Մոտավորապես ժամը 9-ին զանգահարել են իրեն ասելու, թե պոմպն անջատի, նա չի պատասխանել զանգերին: Արդեն ժամը 10:20-ի կողմերը զանգահարել են ինձ եւ տեղյակ պահել, որ նման բան է եղել: Երբ գնացել եմ դեպքի վայր, տեսել եմ հոսանքալարեր կան գետնին ընկած, խառնաշփոթ իրավիճակ էր: Այդտեղից սկսել ենք նրա մարմինը որոնելու աշխատանքը: Երկու օր որոնեցինք, երրորդ օրը նոր  սահմանապահ զորքերը տեսել են նրա դիակը եւ մենք մեր ուժերով կարողացանք նրա մարմինը հանել»:

 Դենիկ Խաչատրյանն, անդրադառնալով այն վարկածին, թե եղբոր մահը վրա է հասել Էլեկտրական հոսանքի օգնությամբ ձուկ որսալու պատճառով, պատասխանեց. «Վաղ առավոտյան կոմբինատի աշխատակիցներից ոչ ոք չէր գնա ձկնորսությամբ զբաղվելու: Չեմ կարող ստել եւ ասել, որ նա ձկնորսությամբ չի զբաղվել, զբաղվել է, բայց ոչ էլեկտրական հոսանքի միջոցով: Բայց այստեղ կա մի բան, այն, որ ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական եզրակացության՝ նրա մահվան պատճառը հոսանքահարումը չի եղել: Այն տեղում, որտեղ իմ եղբայրն էր աշխատում, սովորաբար պետք է երկու աշխատող լիներ, քանի որ սահմանին  են,  հոսանքի հետ գործ ունեն, մարդ են, վատանալ կա,  բայց արդեն երկու տարի էր, ինչ ինքը մենակ էր աշխատում:  Ինչ ասեմ, հիմա սպասում ենք փորձաքննության մյուս արդյունքներին, որպեսզի հասկանանք, թե ինչ է  եղել: Չեք պատկերացնում,  ինչքան եմ մտածել, միգուցե թշնամի է ունեցել, նրա հետ այսպես են վարվել, միգուցե իր նախկին հերթափոխի աշխատակիցն  է անփութորեն հոսանքի լարերը գետնին գցել եւ դրա հետեւանքով այսպես է եղել, միգուցե ոչինչ չի եղել, ինքն է  վատ զգացել ու ընկել, շատ են այդ  «միգուցե»-ները: Ամեն ինչ էլ հիմա մտածում եմ, բայց ներկա պահին ոչ մեկի չեմ կարող ոչնչում մեղադրել»:

Ի դեպ, ինչպես պարզեցինք մեր զրուցակցից, սահմանապահները նրան հայտնել են, որ կոմբինատի նշված հատվածում առանց անցաթղթի ոչ ոք չի կարող մուտք գործել:

Հեղինակ` ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին