▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պղծել են ազատատամարտիկի հիշատակը. ՀՅԴ ԳՄ-ն դատապարտում է

Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:

Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեզ համար ակնհայտ է. նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:

Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը:
Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե'ւ այս վանդալիզմի, ե'ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին:
Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին