«Արցախի ՊԲ-ն տաղանդավոր ստրատեգիական շարժ արեց 4 օրվա մեջ ու երեք մայրաքաղաքներում՝ Բաքվում, Անկարայում ու Մոսկվայում կոորդինացված նախագիծը տապալեց»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով՝ ռազմավարական իմաստով պուտինյան ստրատեգիան առաջին անգամ տապալվել է.
«Ռուսներն այսպես կոչված բազմակենտրոն աշխարհի մոդել են ստեղծում, որն առաջին անգամ տապալվել է հայի շնորհիվ: Սա կարող է ոխակալություն ծնել, բայց հո իրենց խաթր չէի՞նք ցեղասպանվելու, ինչպես 1920 թվականին հայ բոլշևիկներն արեցին ու թուրքին հանձնեցին Հայաստանը»,-նշեց Լևոն Շիրինյանը:
Ինչ վերաբերում է Արցախի անկախության ճանաչմանը, ապա քաղաքագետի խոսքով՝ այն անպայման պետք է Հայաստանը ճանաչի.
«Օրը թող իշխանությունը որոշի, բայց պարտադիր կատարի այս քայլը՝ ընդ որում Արցախի Սահմանադրության հռչակած սահմաններով՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներն էլ հետը: Սա ձեռնտու է մեզ, բայց ոչ՝ մնացած խաղացողներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին, որովհետև նա զրկվում է միջնորդի դերով վերադառնալու հնարավորությունից, քանի որ այս անգամ մտադրությունը հստակ էր.իջնել սահմանի գոտի, հետո կորոշի՝ ինչպես խառնել»,-նկատեց Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետը նկատում է՝ մենք պետք է դուրս գանք մինչև Քուռ-Արաքսի հատման կետ.
«Թալիշների հետ պետք է սահման ունենանք: Իմացե՛ք, պանթյուրքիստական Ադրբեջանի գոյության պայմաններում մենք հանգիստ չենք ունենալու: Նրանց ռեսուրսը շատ է.նավթը վաճառելու են, բերեն գիշեր-ցերեկ կրակեն: Դրա համար նախ պետք է հարվածենք նավթամուղերին: Այդ երկիրը պետք է փուլ տանք, եթե ցանկանում ենք ապրել»,-եզրափակեց քաղաքագետը:
Անի Կարապետյան