Armlur.am-ը գրում է.
«Վեստնիկ Կավկազա» պարբերականը ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ամերիկացի դիվանագետ, Կովկասի հարցով փորձագետ Մեթյու Բրայզայի հոդվածը՝ հրապարակված ամերիկյան The Atlantic Council վերլուծական կայքում:
«Երկար ժամանակ ես չէի կարողանում լավատեսության համար հիմքեր գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման համար: Հակառակը, Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե վերսկսեցին պատերազմն ապրիլին, երբ երկու պետությունները բախվեցին աննախադեպ դաժանությամբ, ինչը չէր եղել վերջին 24 տարում»,- իր հոդվածում գրում է Բրայզան:
Սակայն, Բրայզայի խոսքով, երբ կրքերը հանդարտվեցին, երկու նոր առաջարկ ստացվեց. մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մյուսը՝ տարածաշրջանային բիզնես-առաջնորդի կողմից: Երկու առաջարկն էլ Վաշինգտոնի կողմից մանրակրկիտ ուսումնասիրման են արժանի, նշում է Բրայզան:
Պուտինի վերջին առաջարկի համար, ինչպես գրում է ամերիկացի դիվանագետը, հիմք է ծառայել շրջանակային համաձայնագրի ծրագիրը՝ առաջարկված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից` հայտնի որպես Մադրիդյան սկզբունքներ: Այդ փաստաթուղթը հակամարտության կարգավորման հետևյալ փաթեթն է ենթադրում.
– Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները,
– Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ իրավական կարգավիճակ», որը պահպանում է ընթացիկ քաղաքական և տնտեսական դրությունը՝ կարգավորված Հայաստանի կողմից մինչև իրավիճակի վերջնական կարգավիճակի սահմանումը,
– ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ԼՂ բնակչության քվեարկության ճանապարհով. քվեարկության ժամկետները կորոշվեն ավելի ուշ,
– Տրանսպորտային միջանցքի ստեղծում, որը կմիացնի ԼՂ-ն և Հայաստանը,
– Միջազգային խաղաղապահները կապահովեն ԼՂ բնակչության անվտանգությունը,
– Ադրբեջանը կհանի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցման բոլոր սահմանափակումները:
Այդ սկզբունքները, ինչպես նշում է Բրայզան, հաստատվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների վերջին բանակցությունների ընթացքում, չնայած այդ համակարգը երբեք պաշտոնապես չի համաձայնեցվել: 2009թ. հունվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավատեսորեն հայտարարեցին, որ, վերջին հաշվով, այդ սկզբունքները կընդունվեն: Սակայն 2009թ. վերջին Սարգսյանը փոխեց իր դիրքորոշումն ու հայտարարեց Ադրբեջանին 5 շրջանների վերադարձման հնարավորության մասին: Հունիսի 20-ին Պուտինը ՀՀ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ իր գործընկերներին այդ ծուղակից դուրս գալու միջոց առաջարկեց: Պուտինն, ամենայն հավանականությամբ, ինչպես ենթադրում է ամերիկացի դիվանագետը, առաջարկել է աստիճանաբար առաջ շարժվել. Հայաստանը պետք է վերադարձնի 5 շրջանները, իսկ Ադրբեջանը՝ վերսկսի Հայաստանի հետ տրանսպորտային հաղորդակցությունն ու վերականգնի տնտեսական կապերը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում