▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանի դիմումը ԵԽԽՎ-ին` պահանջեք պատասխանատվության կանչել Սկաբեևային և Սերգեյ Սոբիանինին

29 հուլիսի 2013 
ԺԽ-Ե-0299/13

Պարոն Տուբույեն Յագլանդին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար

Պարոն Էդվարդ Նալբանդյանին
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ

Պարոն Անդրեաս Հերկելին
ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի նախագահ

Տիկին Թեոդորա Բակոյանիսին, Անդրեաս Գրոսսին և հանձնաժողովի անդամներին
Ռուսաստանի Դաշնությանության տարածքում մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի համազեկուցողներ

Տիկին Թինա Ակետոֆին և հանձնաժողովի անդամներին
ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ

Պարոն Քրիստոֆեր Չոպին և հանձնաժողովի անդամներին
ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ

Պարոն Նիլս Մուզնիկսին
ԵԽԽՎ մարդու իրավունքներ հանձնակատար

Տիկին Եվա Սմիթին և բյուրոյի անդամներին
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավար

ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին

Հարգելի գործընկերներ,

Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով կալանավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին:
Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած և օրեցօր մեծացող ռասիզմը և այլատյացությունը: Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով:

Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1», «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է դատավարություն, այլև տեսանյութի հեղինակ` Օլգա Սկոբեևան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը: Բացի վերը նշվածից տեսանյութում Մոսկվայի քաղաքապետ` Սերգեյ Սոբիանինովը, հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել:

2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել էր 18 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր տեսակի վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը, ով եղել է մասնավոր ընկերությանը պատկանող անսարք Կամազ բեռնատար ավտոմեքենայի վարորդը, նույնպես ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, նա տեղափոխվել էր դատարան և անմիջապես կալանավորվել: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայի տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում:

Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը: 

Բոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարդատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը և այլատյացությունը, ակհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաև բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների կյանքի և արժանապատվության իրավունքը: 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ` ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ դեպքը և պահանջել Ռուսաստանի Դաշնության իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու «Ռուսաստան 1» «Լուրեր» հաղորդաշարի լրագրող Օլգա Սկոբեևային և Մոսկվա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբիանինովին` այլատյացության և ռասիզմի տարածման համար, իսկ իրավապահ մարմինների և բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը և արժանապատվություն նվաստացնելու փաստով:


Հարգանոք`
Զարուհի Փոստանջյան
ԵԽԽՎ հավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ
ԵԺԿ խմբակցություն/Հայաստան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին