▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում են Լեդի Հակոբի եղբորորդուն չոր հանել ինչպես այսօրվա միջադեպից, այնպես էլ Արտուշ Զատիկյանի մահվան գործից

Մալաթիա-ՍԵբաստիա թաղամասում տեղի ունեցած այսօրվա արտակարգ պատահարի

հետ կապված հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

Հիշեցնենք, որ, ըստ տեղեկությունների,  ոստիկանության հատուկ ստորաբաժանումներն այսօր առավոտյան երբ փորձել են խուզարկել  ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբի) եղբոր որդու՝ Վրթանեսի բնակարանն ու գրասենյակը,  վերջինս` իր BMW X5 մակնիշի ավտոմեքենայով փախել է դեպքի վայրից` մեքենան քշելով երկու ոստիկանի վրա, իսկ դրանից առաջ էլ կրակոցներ  արձակելով  ոստիկանների ուղղությամբ:

Նշել էինք, որ միջադեպի «հերոս» Վրթանես Հակոբյանը Արտուշ Զատիկյանի  մահվան  գործով (ով մահացել էր թմրանյութերի ազդեցության տակ) թաքնվել է նախաքննությունից: 

Ոստիկանության Շահումյանի բաժինը վերջինիս չհայտնաբերելը պատճառաբանել է նրանով, որ իբր Վրթանես Հակոբյանը  չի կարողացել ներկայանալ քննությանը, քանի որ  բացակայել է հանրապետությունից:

Ակնհայտ է, որ Վրթանես Հակոբյանը հովանավորվում է  հեղինակություն և մեծ ազդեցություն ունեցող մեկի կողմից, ով լուծում է նրա բոլոր հարցերը, քանի որ, ըստ տեղեկությունների, Արտուշ Զատիկյանի մահվանից ու նրա մահվան փաստով գործ հարուցելուց հետո, Վրթանես Հակոբյանն ընդհանրապես չի բացակայել հանրապետությունից:

Asekose.am-ին այժմ էլ հայտնի է դարձել, որ այսօրվա արտակարգ պատահարի առիթով  սկսվել է ծառայողական քննություն ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, որոնք մեկնել էին խուզարկության: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ` այսօրվա  դեպքերը փորձ էր արվում ներկայացնել բոլորովին հակառակ կերպ` նշելով, որ  ոչ թե Վրթանեսն է կրակել, այլ ոստիկանները, իսկ երկու ոստիկանի վրա մեքենան վարելու մասին ընդհանրապես չի խոսվում:

Ոստիկանության վեցերերորդ վարչության հատուկ նշանակության աշխատակիցներին առաջարկել են զեկուցագիր գրել պատահարի վերաբերյալ, բացատրելով, թե ինչ հանգամանքներում է խուզարկության ընթացքը նման լարված հանգուցալուծում ստացել:

Հիշեցնենք, որ իրավապահները ժամանել էին ոչ թե ձերբակալելու Վրթանես Հակոբյանին, այլ խուզարկություն իրականացնելու նրան պատկանող տարածքներում, ինչի արդյունքում էլ հայտնաբերվել են փամփուշտներ և  մի քանի միլիոն  դոլար և դրամ:

Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում թմրանյութ չի հայտնաբերվել. հիշեցնենք, որ Արտուշ Զատիկյանի մահվան  վարկածներից մեկը եղել է այն, որ   թմրամիջոցներից մահացած Ա.Զատիկյանին  թմրամիջոցներ է իրացրել Վրթանես Հակոբյանը:

Արդեն տեղեկացրել ենք, որ որոշ ազդեցիկ  ուժերի կողմից փորձ է արվում «ջրել» այս  արտակարգ պատահարը և ոստիկանության վեցերերորդ վարչության հատուկ նշանակության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը դրա ապացույցներից մեկը կարող է համարվել` որի արդյունքում Վրթանես Հակոբյանին փորձ է արվում չոր հանել ինչպես այսօրվա միջադեպից, այնպես էլ ընդհանրապես`  Արտուշ Զատիկյանի մահվան գործից:

 

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին