▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը». «Օրրանն» արձագանքում է ապօրինի շինարարության վերաբերյալ քաղաքապետարանի պատասխանին

Եկմալյան  փողոցում «Օրրան» բարեգործական  հասարակական կազմակերպության շենքին կից Երեւանի քաղաքապետարանի կողմից  քաղաքաշինական նորմերի և հակահրդեհային կանոների խախտմամբ տրված շինարարության թույլտվության, այնուհետև շենքի կառուցումը հենց նույն շինթույլտվության պահանջների և պայմանների խախտմամբ իրականացվելու պայմաններում դրա ժամկետը երկարացնելու  վերաբերյալ առկա խնդրի մասին ՀԿ-ի  նախագահ Արմինե Հովհաննիսյանի կողմից Երևանի քաղաքապետարանին ուղղված բաց նամակի և դրան տրված պատասխանի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներկայացնելու հետևյալը: Նախ Եկմալյան 6/3 հասցեում «Օրրանի» հարևանությամբ գտնվող հողամասում կառուցապատման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունը երբեք դեմ չի եղել և խոսքը չի գտնում շենք կառուցելու մասին։ Խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքապետարանը շենքի թույլտվությունը տվել է խախտումով և կառուցապատողին թույլ է տվել կառուցելու շենք ոչ թե այն հատվածում, ուր գործող օրենսդրության համաձայն կարելի է շենք կառուցել, այլ բոլորովին այլ դիրքով՝ 6 մետր անհրաժեշտ հեռավորության խախտումով։ «Օրրանը» որպես հարևան սեփականատեր համաձայնել է, որ կառուցապատողը շենք կառուցի, ինչի պարագայում վերջինս պետք է մշակեր նախագիծ և համաձայնեցներ նախագիծը և շինթույլտվություն ստանար օրենքով չարգելված գործունեություն կատարելու համար, մինչդեռ քաղաքաշինական փաստաթղթերը չեն մշակվել և համաձայնեցվել օրենքի պահանջների պահպանմամբ։ Ուստի քաղաքապետարանի պատասխանում ներկայացված այն տեղեկությունը, թե «Օրրանը» համաձայնություն է տվել, որ կառուցապատողը շենք կառուցի այդքան մոտ, ոչ միայն չի արտացոլում եղելությունը և չի համապատասխանում իրականությանը, այլ նաև դրանով  փորձ է արվում խեղաթյուրել իրականությունը և մոլորեցնել հանրությանը։ Բացի դրանից «Օրրանը»  չի համաձայնեցում շենքի նախագիծը և/կամ տալիս շինարարության թույլտվությունը, այլ դա իրականացնում  է Երևանի քաղաքապետարանը, եւ տվյալ դեպքում հենց քաղաքապետարանն էր պարտավոր շինթույլտվություն տրամադրելու ժամանակ այդ փաստաթուղթը տրամադրել քաղաքաշինական նորմերը և հակահրդեհային պահանջները պահպանելով, ինչը չի կատարվել։ Այս պայմաններում գտնում ենք, որ նման խախտումներ թույլ տալուց հետո քաղաքաշինական  փաստաթղթի տրամադրումը «Օրրանը»  կողմից շենք կառուցելու վերաբերյալ համաձայնությամբ հիմնավորելը և համաձայնության տրամադրման նպատակը և բովանդակությունը խեղաթյուրելը վկայում այն մասին, որ գործ ունենք հովանավորչության հետ։

Բացի դրանից, ինչպես նշել ենք, շինարարության թույլտվության տրամադրումը իրականացվում է քաղաքապետարանի կողմից և տեսչական մարմինը շինթույլտվություն տալու իրավասություն չունի, հետևապես տեսչական մարմնի կողմից նախագծի և շինթույլտվության տրամադրման հարցում նախապես  մասնակցություն ունենալը վկայում է նաև այս մարմնի կողմից կառուցապատողին և քաղաքապետարանին աջակցելու և շահագրգռվածության մասին»,- փոխանցել են «Օրրանից»։

Հասարակական կազմակերպության պատասխանում նաեւ նշվում է. «Հատկանշական է, որ փաստացի տեղում «Օրրանի» և կառուցվող շենքերի միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 1․6 մետր, իսկ անօրինական կերպով համաձայնեցված նախագծով  այն պետք է լիներ 2․2, սակայն այս հանգամանքը քաղաքապետարանը փորձում էր նախ չնկատել, իսկ այդ մասին մեր կողմից հրապարակայնորեն բարձրաձայնելուց հետո իր անօրինականությունը հիմնավորել նրանով, որ «միգուցե «Օրրանի» շենքն պետք է ավելի հեռու լիներ կառուցված»։ Փաստորեն ստացվում է, որ քաղաքապետարանը կարող է այսուհետ ցանկացած շենքի պատուհանների առջև առանց լուսավորության թափանցելիության, հեռավորության, հակահրդեհային պահանջների  և քաղաքաշինական նորմերի պահպանման կառուցապատողի տրամադրել շինթույլտվություն և այդ դեպքում կառուցվող շենքի հարևանությամբ գտնվող շենքի սեփականատերը պետք է ապահովի անհրաժեշտ հեռավորությունը։

Հիշեցնենք, որ «Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը բաց նամակ էր հղել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որտեղ եւս մեկ անգամ ահազանգել էր «Օրրանի» շահառուների կյանքը վտանգող շինարարության մասին։

«Պարոն Ավինյան, ինչո՞ւ չեք արձագանքում, քանի որ քաղաքապետարանը անօրինական շինթույլտվություն է տվել՝ շինություն կառուցել արդեն գոյություն ունեցող շենքից 2.5 մետր հեռավորության վրա: Ինչո՞ւ հարցեր չեք ուղղում քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաններին՝ հասկանալու անօրինականության պատճառը և վերացնելու այն: Զավեշտալի չէ՞, երբ քաղաքապետարանի համապատասխան մարմինը, փոխանակ անդրադառնա «Օրրան»-ի նամակներում բարձրացված բուն հարցին, այն է՝ արդյո՞ք պահպանվել է համապատասխան օրենքի 6 մետր պահանջը, գրում է, որ «կառուցապատողն ունի շինթույլտվություն»։ Քաղաքապետարանում չկա՞ն կադրեր, որոնք գիտեն՝ ինչպե՞ս կարդալ պարզ դիմումը և պատշաճ պատասխանել դրան, թե՞ գիտեն, բայց ինչ-որ պատճառով չեն ուզում հասկանալ»,-տարակուսանք էր հայտնել տիկին Հովհաննիսյանը:

Թեմայի վերաբերյալ Առավոտ.am-ն էր մեկնաբանություն խնդրել Երևանի քաղաքապետարանից, որտեղից փոխանցել էին, որ մինչեւ քաղաքապետարանի հետ համաձայնեցնելը՝ Եկմալյան 6/3 հասցեի նախագիծը նախապես համաձայնեցվել է տեսչական մարմնի հետ. «Նախագծերում առկա է տեսչական մարմնի դրական եզրակացությունը, բոլոր էջերի վրա կա նրանց կնիքը, որ նախագիծը հակահրդեհային նորմերին համապատասխանում է: «Օրրան» կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը համաձայնություն է տվել այդ հասցեում երկհարկանի շինություն կառուցելուն՝ առանց սահմաններ նշելու: Գլխավոր հատակագծով, որը համաձայնեցվել է, նախատեսվող հասարակական շինությունն «Օրրան»-ի շենքից 2.2 մետր հեռավորության վրա է տեղակայված։ Ներկայացված է գեոդեզիա, որ կառուցապատողն իր սահմաններում, իր տարածքի մեջ ճիշտ նիշերով տեղադրել է սյուները, և շինարարական աշխատանքներն անցկացնում են շինթույլտվությանը համապատասխան: Անհրաժեշտություն է առաջացել գեոդեզիա անել, եւ, ըստ դրա, ճիշտ տեղում են՝ իրենց հողի տարածքում, որը լիցենզավորված կազմակերպության կողմից ներկայացվել է մեզ որպես եզրակացություն: «Օրրանը» 2.2 մետր հեռավորության մասով համաձայնություն է տվել։ Շատ հնարավոր է, որ իրենց շենքն էլ տեղադիրքի խնդիր ունի: Միանշանակ է, որ մի օբյեկտից չեն գալիս այդ խնդիրները: Այս պահին համայնքը այդ մասով որևէ լուծում չունի։ Իրենք պետք է հասկանան, որ, եթե 2.2 մետր հեռավորության մասով իրենց համաձայնությունը տվել են, կառուցապատողն էլ իր հողի տարածքում է այդ գործունեությունն իրականացնում: Պետք է իրենք գտնեն այդ լուծումները, եթե ոչ, թող դատական սկզբունքով այդ հարցը կարգավորեն։ Համայնքն անելու բան չունի, մենք այդտեղ քանդելու բան չունենք, անվավեր ճանաչելու որոշում չունենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին