Արդեն տեղեկացրել ենք, որ ամիսներ առաջ «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա» հասարակական կազմակերպությունը, «Արվեստը հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության հետ համատեղ` Արթիկի թեմի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ, Հառիճի վանական համալիրում կազմակերպել էր «Հոգևոր երգերի» մարզային փառատոն:
Սակայն այսքանով «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի մարզային այցերը չեն ավարտվում. առավել ևս, որ ասոցացիայի նախագահ Գայանե Բաղդասարյանը Asekose.am-ի թղթակցին դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ իրենք առաջնահերթ երգչախմբային արվեստը մարզերում խթանելու և զարգացնելու նպատակ ունեն: Օրերս էլ Գայանե Բաղդասարյանը, հավատարիմ մնալով խոստմանը, Մշակույթի նախարարության և «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի համատեղ նախաձեռնությամբ այցելել էր Տավուշի մարզ` Բերդ քաղաք:
«Բերդում հանդիպել եմ հրաշք սահմանապահների, հրաշք կատարողների, որոնցով մեկ շաբաթ պարզապես հիացել եմ: Ուշագրավն այն է, որ կարողացել եմ նրանց մեջ ներարկել երգչախմբային արվեստի կարևոր նրբություն և առաքելություն համարվող բազմաձայնությունը, այն դեպքում, որ Սուրբ Հովհաննեսը միայն վերջերս է կառուցվել, և տվյալ եկեղեցու երգեցիկ խումբն ընդամենը սեպտեմբերից է սկսել իր գործունեությունը: Մինչ այդ նրանք մեկ ձայնով էին պատարագները երգում, ինչը լսելիս հասկացա, որ երգչախմբային արվեստի բոլոր ստեղծագործություններից առավել մաքուր և անաղարտ է»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Գայանե Բաղդասարյանը:
Վերջինս մեզ տեղակացրեց, որ երգեցիկ խմբի 8-18 տարեկան երեխաներն ապրիլի 19-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ և նախաձեռնությամբ կլինեն Դանիայում` Կոպենհագենում, և կմասնակցեն ցեղասպանության նահատակների հիշատակի համար Մայր տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացվող սուրբ պատարագին.
«Ինձ համար այս երեխաները փոքրիկ սահմանապահներ են, ովքեր մեծ առաքելությամբ մեկնելու են Դանիա և ներկայանալու 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Այդ մասին էլ տեղեկանալով` մեր առջև Բերդ մեկնելու և նրանց աջակցելու խնդիր դրեցինք: Նշեմ, որ Բերդում միայնակ չէի, ինձ հետ էր «Տերյան» մշակութային կենտրոնի մոդելավորող Լիլիթ Մելիքյանը, ով ապահովելու է երեխաների տարազները Դանիայում: Բերդ հասնելուն պես էլ անմիջապես անցանք աշխատանքի: Իսկական տոն էր քաղաքում, քանի որ երեխաներից կազմված երգչախումբը կատարում էր առաջին քայլը երգչախմբային արվեստում: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել տեղի քահանա Տեր Արամ Միրզոյանին, ով կանգնած է այս ամենի հիմքում և ամեն ձևով աջակցում է երեխաներին. նա իրական սահմանապահ հոգևորական է, ով ապրում է ամեն զինվորի և ամեն մանուկի խնդիրներով»:
Գայանեի խոսքով` այդ մեկ շաբաթվա ընթացքում եղել է նաև Տավուշի մարզի Չինարի գյուղում, որտեղ լսել և հիացել է բնակիչներից մեկի դստեր տաղանդով.
«Պարզապես քարացել էի, երբ նա երգում էր…Այդքան մաքրություն, անաղարտություն, ազգային դեռ որևէ տեղ չէի լսել` այն դեպքում, որ Չինարին չունի երաժշտական դպրոց, թեև ունի այսպիսի սերունդ: Պարզապես սահմանամերձ գոտիների երեխաներն իսկապես ունեն իրենց բացահայտելու և արտահայտվելու հնարավորության կարիք, այդ պատճառով էլ, երբ ստանձնեցի «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի նախագահի պաշտոնն իմ ուղղությունը վերցրեցի դեպի մարզեր, որտեղ էլ բազմաթիվ վարպետաց դասեր և փառատոններ ենք կազմակերպում»:
Գայանե Բաղդասարյանը Asekose.am-ի թղթակցին նշեց, որ այս անգամ մարզից տուն վերադառնալն իրեն շատ դժվար է տրվել, քանի որ մինչ օրս մտքերով երեխաների հետ է.
«Բերդում երկու անգամ շատ դժվարությամբ կարողացել եմ զսպել արցունքներս. առաջինը երբ այցելեցի զորամաս և տեսա, թե ինչպիսի պատրաստակամությամբ են զինվորները պահպանում են իմ հայրենիքի սահմանները, իսկ երկրորդը, երբ հրաժեշտ էի տալիս իմ փոքրիկ սահմանապահներին: Իրապես երեխաները և ես դարձել էինք մի մեծ ընտանիք, թեև պետք է նաև նշեմ, որ Հերմինե Փալանդուզյանը նրանց համար հրաշալի խմբավար է, ով այդ դժվարին պայմաններում ստեղծել է այդ երգչախումբը. նա արվեստի մարտիկ է: Մենք միասին աշխատեցինք և որևէ դժվարություն չտեսանք, որովհետև երեխաները շատ պատրաստակամ էին և չէին տրնտջում. 12:30 սկսում էինք փորձերն և առանց ընդմիջման ավարտում դրանք երեկոյան 18:00-ին: Ներկայումս մեզ համար ամենակարևորը մեր շարականները, հոգևոր երգերը, աղոթքները մեր նահատակների համար Դանիայում հավուր պատշաճի ներկայացնելն է»:
Զրույցի վերջում Գայանե Բաղդասարյանը խոստովանեց, որ հրաժեշտից հետո նամակ է ստացել տեղի երաժշտության ուսուցիչներից մեկից, ով նշել է, որ Գայանեն իր ներկայությամբ լույս է վառել Բերդում:
«Ինձ համար Բերդում գտնվելը տոն և հոգևոր բավարարավածություն էր»,-իր խոսքը եզրափակեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցացիա»-ի նախագահ Գայանե Բաղդասարյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան