▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր 

Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:  

Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել են նրան կարգալույծ անել…  

Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:  

Պարզ չէ, արդյոք այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել էր իր սեփական նախաձեռնությամբ, թե նրա համար մշակվել է թուրք պաշտոնյաների կողմից: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող լինել այդ նամակի հեղինակը, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա ստորագրել նամակը և այն տարածել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:  

Ցավոք, առաջին անգամ չէ, որ ՍրբազանԱթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Արք. Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար...  

Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ», Սրբազան Աթեշյանն իր նամակում հայտարարել է, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի ցավը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով:

Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով...   Բացի այդ, պատրիարքական փոխանորդը  մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ «մի քանի տողով Երրորդ ռեյխի բացասական դերակատարության թեթևակի ներկայացման և Օսմանյան կայսրությունը որպես միակ մեղավոր մատնացույց անելու» համար: Ապշեցուցիչ է, որ արք. Աթեշյանը քողարկում է թուրքական ժխտողականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նսեմացնում Գերմանիայի կողմից իր մեղսակցությունն ազնվորեն ընդունելը...   Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական ​​բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են Արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում, հայտնելով իրենց անհամաձայնությունը:  

Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը.... Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող  ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ» ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:   Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե իբր հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոս»-ը պնդել է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է Արք. Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր.... Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:   «Ակոս»-ը նաև ասել է Սրբազան Աթեշյանին, որ իր նամակը ներկայացնում է. «սեփական ժողովրդի դեմ հատուկ ժխտողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի».... Աղոթում ենք Աստծուն՝ Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով»:  

Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար, ես խոնարհաբար խորհուրդ կտայի Արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը...    

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին