▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է լռեցնել Ադրբեջանի կրակոցները. Հնարավոր չէ բանակցել և կռվել միաժամանակ

 

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Ավելի քան երկու տասնամյակ միջազգային հանրությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների գլխավորությամբ, որ ներկայացնում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը, փորձում է բանակցություններ վարել Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Բանակցությունների հիմնական խոչընդոտը Ադրբեջանի կողմից կրակոցները չդադարեցնելու համառությունն է, և նրա հարձակումների սաստկացումը հակամարտության կարգավորման ամեն վճռորոշ հանդիպման նախօրեին: Նրա ապակառուցողական վարքագիծը միանգամայն անընդունելի է բոլոր նրանց համար, որոնք ներգրավված են խաղաղ կարգավորման գործընթացում: Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը նման առիթներով, ճնշում գործադրելու համար միջազգային հանրության վրա՝ ստիպելու համար Հայաստանին գնալ միակողմանի զիջումների Արցախում:
Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը հարձակում են Արցախի և Հայաստանի վրա, Մինսկի խմբի միջնորդները, ավելի լարելով իրավիճակը, հերթական հայտարարությունն են տարածում, կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակը, այդպիսով հավասարության նշան դնելով մեղավորի և տուժողի միջև: Բացի այդ, միջնորդները քողարկում են իրենց անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ իրենք համոզված չեն, թե որ կողմն է առաջինը կրակել:
Հոկտեմբերին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (հանրապետական) և գլխավոր դեմոկրատ Էլիոթ Էնգելի նախաձեռնությամբ Ներկայացուցիչների պալատի 85 անդամների ստորագրությամբ մի նամակ ուղարկվեց Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ուորլիքին՝ հորդորելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը հետ քաշելու դիպուկահարներին սահմանից, տեղակայել կրակոցների ուղղությունը ճշտող համակարգեր շփման գծի երկայնքով և ավելացնել տարածքի մոնիտորների թիվը: Այս միջոցառումները ընդունվել էին Հայաստանի, Արցախի, ԱՄՆ Կոնգրեսի և Մինսկի խմբի համանախագահների կողմից, սակայն մերժվել Ադրբեջանի կողմից՝ իր ռազմատենչ նախաձեռնությունները թաքցնելու և դրանք շարունակելու մտադրության պատճառով: Նման անհուսալի պայմաններում, երեք միջնորդները կարող են քննարկել կրակորսիչ համակարգերի տեղակայումը արցախյան սահմանի ներսում՝ հարձակումների աղբյուրը գրանցելու համար: Եթե միջնորդները չեն ցանկանա նման քայլեր ձեռնարկել, ապա Հայաստանը ինքը պետք է գնի ամերիկյան «Ռեյթեոն» (Raytheon) ընկերության արտադրած կրակորսիչ համակարգերը և հավաքագրի անկախ օտարերկրյա հասարակական կազմակերպությունների՝ վերահսկելու և արդյունքների մասին միջազգային հանրությանը զեկուցելու համար:
Հենց որ հայտնաբերվի կրակոցների աղբյուրը՝ միջնորդները պարտավորված կլինեն դատապարտել հանցագործին, հակառակ դեպքում նրանք կխրախուսեն Ադրբեջանին սաստկացնել հարձակումները Հայաստանի և Արցախի վրա:
Այդ ընթացքում միջնորդները պետք է զգուշացնեն Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևին, որ եթե նա չդադարեցնի և հետ չկանգնի սպառնալիքներից ու Հայաստանն ու Արցախը ռմբակոծելուց՝ նրանք ստիպված կլինեն Ադրբեջանի խախտումները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ տնտեսական պատժամիջոցներ պահանջելով նրա երկրի դեմ:
Միջնորդները կարող են նաև ժամանակավորապես դադարեցնել իրենց խաղաղարար առաքելությունը, առարկելով, որ Ադրբեջանի շարունակական կրակոցները խանգարում են հակամարտության լուծում գտնելու գործընթացին: Անկասկած, հնարավոր չէ կռվել և բանակցել միաժամանակ...
Քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմելու՝ եթե լիներ, վաղուց էր այն սկսել, պարզապես սպառնալու փոխարեն, ուստի նա այլընտրանք չունի, քան հետևել միջնորդների կոչին դադարեցնելու կրակը և սկսել լրջորեն բանակցել: Բանակցությունների սառեցումը լուրջ նահանջ կլինի Ադրբեջանի համար, քանի որ սա միակ ճանապարհն է, որով նա կարող է հույսեր տածել որոշ պայմանավորվածություններ ձեռք բերելու Հայաստանի և Արցախի հետ: Մյուս կողմից, հայերն արդեն հասել են իրենց նպատակին՝ ազատագրելով Արցախն ադրբեջանական բռնագրավումից և որևէ ակնկալիք չունեն հետագա բանակցություններից:
Եթե միջնորդները չսառեցնեն բանակցությունները՝ Հայաստանի կառավարությունը կարող է որոշել դադարեցնել իր մասնակցությունը այդ անարդյունավետ բանակցություններին, դրանով իսկ հստակ ուղերձ հղելով Բաքվին, որ Հայաստանի և Արցախի հրետանային ռմբակոծությունը վնասում է հենց Ադրբեջանի սեփական շահերին:
Եթե բանակցությունները չեն դադարեցվում և Արդբեջանը շարունակում է իր հարձակումները, ապա Հայաստանի կառավարությունը կարող է վերջին հաշվով պատասխանել «զանգվածային և անհամաչափ հարվածներով», ինչպես նա բազմիցս զգուշացրել է: Թեև ոմանք կարող են մտահոգություն արտահայտել, որ նման գործողությունները կհանգեցնեն բռնությունների հետագա սրացման, սակայն իրականում, դա կնվազեցնի, եթե ոչ կկանգնեցնի սահմանի վրա տեղի ուենցող անթիվ բախումները, հենց որ Ադրբեջանի ղեկավարները հասկանան, որ իրենք ավելի շատ են կորցնում կռվելիս, քան բանակցելիս: Ցավալի է, որ նախագահ Ալիևը շահարկում է երիտասարդ ադրբեջանցի զինվորների կորուստն առաջին գծում՝ շեղելու համար իր ժողովրդի ուշադրությունը երկրում առկա քաղաքացիական իրավունքների զանգվածային խախտումներից, իր կառավարության վերնախավերում տիրող կոռուպցիայից և ահավոր տնտեսական պայմաններից՝ նվազող նավթային եկամուտներով պայմանավորված:
Անցյալ շաբաթ ես առիթ ունեցա այս հարցերից մի քանիսը քննարկել Վաշինգտոնում տարբեր պաշտոնյաների հետ, երբ Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը ԱՄՆ մայրաքաղաքում հանդիպում էր Կոնգրեսի անդամների և ԱՄՆ միջնորդ դեսպան Ուորլիքի հետ: Երկու ընդունելություն էր կազմակերպվել Արցախի արտգործնախարարի պատվին Հայաստանի դեսպանատանը և Կապիտոլիումում, վերջինիս համակազմակերպիչներն էին ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խումբը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի հայկական համագումարը, և ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը: Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամներ, դեսպան Ուորլիքը և այլ բարձրաստիճան անձինք մասնակցեցին Կոնգրեսի ընդունելությանը՝ զայրացնելով Ադրբեջանի դեսպանությանը, որը ադրբեջանցի ցուցարարների մի փոքր խումբ էր ուղարկել բողոքելու միջոցառման դեմ: Նախագահ Ռոյսը ընդունելության ժամանակ հայտարարեց, որ նա խնդրել է դեսպան Ուորլիքին այս շաբաթ հանդես գալ Ներկայացուցիչների պալատում Արցախյան հակամարտության վերաբերյալ ճեպազրույցով:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի մեծ թվով ակտիվիստներ Ամերիկայի տարբեր կողմերից, այդ թվում տողերի հեղինակը, անցյալ շաբաթ Վաշինգտոնում միացան Արցախի արտգործնախարար Միրզոյանին՝ Արցախի համար խաղաղության և ժողովրդավարության ուղերձ հղելու Ներկայացուցիչների պալատի և Սենատի տասնյակ անդամներին՝ կոչ անելով նրանց ճանաչել Արցախի անկախությունը Ադրբեջանից:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին