Սերժ Սարգսյանը շաբաթ օրն աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր` հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:
«Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին դիմելով՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.
«Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում և տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ և չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով: Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է Սեր Սարգսյանը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է և՛ մարդկանց, և՛ երկրի համար: Սերժ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որևէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է: «Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային: Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,-նշել է Սերժ Սարգսյանը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից: