«Ադրբեջանը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի տնտեսական, քաղաքական, բարոյական քայքայման հարցն է լուծում: Արցախի հարցը զուտ պատրվակ է: Այս խնդիրը պարզ լուծում ունի.կամ մենք ենք իրենց ոչնչացնում, կամ՝ իրենք մեզ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, դիվանագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն 2 խնդիր ունի լուծելու.
«Հայաստանում պետք է հաստատվի օրինականություն, իսկ Արբեջանին պետք է զրկենք պատերազմ վարելու հնարավորությունից, մարդկային ռեսուրսներից: Պետք է ուժեղացնենք աշխատանքն Ադրբեջանում ապրող էթնիկ-կրոնական խմբերի հետ, որպեսզի նրանք մեր դեմ չկռվեն, երկրորդ՝ պետք է լուծել նավթի և գազի հարցը: Ադրբեջանը չպետք է կարողանա դրանք արտահանել: Չի արտահանի նավթ ու գազ, չի ունենա փող, չի ունենա փող, չի կարողանա կռվել»,-նկատեց դիվանագետը:
Անդրադառնալով այսօր Վիեննայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահը նշեց, որ սա արդյունք չի տա.
«Սերժ Սարգսյանի գնալն արդեն իսկ մեծ զիջում էր: Նախագահը հանդիպման է գնում նախապայմանով, որն է՝ սահմանի երկայնքով հսկող սարքեր տեղադրելն է, ինչին, կարծում եմ, որ Ադրբեջանը դեմ կլինի, քանի որ դա կբացահայտի այդ երկրի նախահարձակ լինելը:
Ուստի, ամեն ինչ պարզ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո»,-եզրափակեց Արա Պապյանը:
Անի Կարապետյան