Տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
«Համարում եմ, որ սա կանխված դեպք է: Առնվազն կարողացանք կանխել այդքան անօրինական զենքի օգտագործման հնարավորությունը: Ցավալի է, պարզվում է, որ կան մարդիկ, ովքեր կարող են անօրինական զենք ունենալ, ուստի պետք է հասկանալ, թե ո՞րն էր այդ զենքի իրագործման նպատակը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով այս ամենի նկատմամբ հասարակության կողմից անվստահությանը, Թևան Պողսյանը նկատեց.
«Պետական մարմինները թող հասկանան, որ մեծ խնդիր ունեն.անվստահություն՝ հանրության կողմից, դրա համար, եթե նույնիսկ լավ գործ են փորձում անել, ապա այն չի ընկալվում, կամ այն նմանեցվում է բեմադրության կամ շոուի»:
Հարցին, թե եթե շոու է, ապա ո՞րն է նպատակը, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Երևի թե խնդիր ունեն բացատրելու, որ մենք էլ կարող ենք անել այնպես, ինչպես ուրիշ տեղերում, մենք էլ ունենք պատրաստված ուժեր…»:
Անդրադառնալով իշխանություն-ընդդիմության մեկը մյուսին ուղղված մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց.
«Քանի որ մեր երկրում ունենք քաղաքական գործընթաց, հասկանալի է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը փորձելու են իրենց շահերից ելնելով օգտագործել կատարվածը: Բոլոր սցենարները պետք է դիտարկենք»:
Խոսելով ձերբակալվածների մասին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Մի տեղ գրված է, որ գնում են Քեսաբ ազատագրելու,Քեսաբից էլ ասում են, որ այդ տեսակի խումբ չի եղել, ո՞ր մեկին հավատամ»:
Անի Կարապետյան