Երեւանը դեռեւս չի պարզաբանել իր դիրքորոշումը Միջազգային քրեական դատարանի որոշմամբ Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վտանգի վերաբերյալ։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ ոչ։ Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- MK.ru-ի փոխանցմամբ՝ Պեսկովի խոսքերը մեջբերում է «Подъем» տելեգրամյան ալիքը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր հրապարակել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ «Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» որոշումը։
Սահմանադրական դատարանը որոշել է, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Հարցը քննարկվել էր գրավոր ընթացակարգով։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր է տվել։