▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փախստականներին Եվրոպա ուղարկելու Անկարայի խաղը

Միջին արեւելյան թե աֆրիկյան երկրներից դեպի Եվրոպա փախստականների անօրինական մուտքը երկար ժամանակից ի վեր երեւույթի է վերածվել։ Հատկապես սիրիացի փախստականների նոր եւ հանկարծակի հոսքը համաեվրոպական ճգնաժամի վերածվելու նախադրյալներ է պարզում։

Լուսաբանման մեծ լուսարձակներ են բացվել մարդկային աղետի սահմաններն անցած եւ կյանքի ու մահվան արանքում մեծ վտանգներ անտեսելով ճանապարհ ընկած փախստակնների ոդիսականների վրա։ Ցնցող լուսանկարները՝ ծովեզերքին մահացած մանուկի պատկեր, փշաթելերի նեղ անցքերից սողացող ընտանիքներ, մրցում են իրար հետ տարեվերջին ամենահռչակավոր ամսագրերի շապիկները գրաւելու եւ տարվա լուսանկար անվանակարգին արժանանալու համար…

Փախստականների հանկարծակի մակընթացությունը ներեվրոպական տագնապի է վերածվել. երկրներն իրար հետ բանակցում են փախստականներին ընդունելու չափաբաժինները բաշխելու եւ մանաւանդ դրանց համարժեք բյուջեները համաեվրոպական կառույցներից գանձելու առումով։

Մարդկային հոսքի մաքսանենգ ճանապարհների տրամադրումը ունի իհարկե զուտ ֆինանսական առումով շահութային դրդապատճառ եւ մանաւանդ քաղաքական շարժառիթներ։ Ամենապարզունակ բացատրությունը այս իրականության, մաքսանենգային առեւտրով զբաղվող անօրինական առեւտուրն է, Եւրոպա հասցնելու համար, նաւով, թե սահմանային կետեր հակագօտի (contre bande) եղանակով անցնելով, ապաստանյալի կարգավիճակի խոստումով։

Փախստականների հոսքի մաքսանենգությունը, հաճախ պետական սահմանապահ մարմիններում ծառայողների համագործակցության անհրաժեշտություն ունի։ Գումարները  շրջանառվում են նաեւ այդ շրջանակներում եւ արդյունքն այն է, որ կիսապաշտոնականացվում է մարդկային հոսքի ընդունումը տվյալ պետության կողմից։

Արդի երեւույթները զուտ ֆինանսափախստականից շատ աւելին են եւ ծայրահեղորեն քաղաքական են։ Սիրիայում ապահովական իրավիճակի կտրուկ մագլցողականություն արդյունքում չէր, որ նման բարձր ալիք ստեղծվեց։  Այլ խոսքով, զինվորական ներկա դրությանը համաչափ չէր փախստականների  ալիքի բարձրացումը եւ այն էլ ա՜յս հանկարծակիությամբ։

Դեպի Եվրոպա մարդկային հոսքի երեւույթը մտածել է տալիս ինչ որ շարժիչ գործոնի մասին, որի հանգամանքը եթե մասամբ տնտեսական է, ըստ էության սակայն քաղաքական է։ Եվրոպա հասնող սիրիացի ժողովուրդը Սիրիայից նոր դուրս եկողները չեն անպայման։ Թեեւ որոշ համեմատություն կա  նաեւ երկիրը նոր լքողների առումով։ Հիմնականը արդեն իսկ Սիրիայից դուրս գտնվողներն են եւ այս դեպքում Թուրքիայում տեղեկայվածները։ Մաքսանենգ ճանապարհը թե ծովի եւ թե ցամաքի, երկու դեպքերում էլ Թուրքիայից է անցնում։ Տակաւին. տարողությունը նկատի ունենալով,  երեւույթը մտածել է տալիս նոր հոսքի գոյացման եւ ուղեւորման, նույնիսկ աջակցման առումով պետական գործոնի մասին։ Պարզ մեկնաբանությունը այն է, որ Անկարան միջազգային կառույցներից եւ հատկապես Եվրոպայից բյուջե է պահանջել իր մոտ գտնվող միլիոնավոր սիրիացի ապաստանյալների համար, եւ  ոչ ակնկալված արձագանքի դիմաց իր տարածքներից դեպի Եվրոպա մղել է որոշ քանակ։

Աւելին է սակայն պատահածը։ Պատանդ-փախստականությունը ճնշամիջոց է քաղաքական գործընթացների համար։ Գուցե նաեւ հակակշիռ ճնշամիջոց Արեւմուտքի կողմից Անկարայի դեմ կիրառվող քայլերի դիմաց։ Անկարան այս շտեմարանը միանգամայն չի սպառում։ Անկախ Սիրիայի ապահովական կացության վարիվերումներից, տվյալ պահին փախստականական նոր հոսքեր կթակեն Եվրոպայի սահմաննները։

Անկարան ներկայացման տեսքով միացավ ԱՄՆ-ին եւ հարվածեց ԻՊ-ի ռազմակայաններին։ Դիմացը, առ այս պահը Անկարային չի հաջողվում ստանալ անվտանգության գոտի ստեղծելու իր առաջադրանքի միջազգային համաձայնությունը։  Անկարան խաղում է գաղթականներին դեպի Եւրոպա ուղարկելու վտանգաւոր խաղը։ Փորձում է նաեւ այս խաղը քողարկել եւ պատահարների պատասխանատվությունը բարդել Եվրոպայի ուսերին։ Ամենեւին պատահական չեր էրդողանի հայտարարությունը, որտեղ Անկարայի ղեկավարը ամբաստանում էր Եվրոպային միջերկրականյան ծովը փախստականների գերեզման սարքելու հանցանքով։

Հայկական լրատվամիջոցը համաշխարհային ուշադրություն գրաւած համաեվրոպական այս տանգապի լուսաբանման պահին, անպայման պիտի մատնացույց անի Անկարայի թելադրած այս վտանգաւոր խաղը։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին