Հետաքրքրական համաձայնական եզրերի ձեւավորումներ են տեղի ունենում Անկարա-ԵՄ ուղղության վրա, այն պահին, երբ Անկարան բռնապետության, գրաքննության եւ քուրդ ազգաբնակչության դեմ կիրառած անընկալելի պատերազմի եղանակներով ամբաստանվում է միջազգային ընտանիքի եւ միջազգային հանրային կարծիքի կողմից:
Նախ նայենք, թե Անկարան ինչ ձեռք բերեց այս համաձայնությունից.
ԵՄ-ն Թուրքիային տրամադրելու է 3 միլիարդ եվրո:
Բացի այդ, եվրոպական երկրները համաձայնել են քննարկել ի հավելումն դրա մինչեւ 2018 թվականը լրացուցիչ եւս 3 միլիարդ եվրոյի տրամադրման հարցը:
Թուրքիան պարտավորվում է ընդունել Հունաստան ներթափանցած ներգաղթյալներին:
Այդ ամենի դիմաց Եվրամիությունը պարտավորվում է մինչեւ այս տարվա հունիս ոչ վիզային ռեժիմ սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար, ինչպես նաեւ վերսկսել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Ձեռք բերված համաձայնությունը դեռ պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ երկրների նախագահների ու կառավարության ղեկավարների մարտի 17-18-ին կայանալիք գագաթնաժողովում:
Դեպի Եւրոպա ճանապարհը փակելու դիմաց գումար ստանալը համաեւրոպական մարդասիրական, տնտեսական եւ ապահովական հսկա ճգնաժամի ահագնացման ընթացքը կանխարգելելու միտում ունի: Եւ եթե միայն քաղաքական այս առեւտուրը լիներ, Անկարա-Բրյուսել սակարկությունների արդյունքը ավելի հասկանալի կդառնար, որ Եվրոպան բյուջեով է փորձում լուծել իր միավորմանը սպառնացող տագնապը: Պարզ եւ ամփոփ բացատրությամբ փախստականների զանգվածային հոսքը դեպի Եւրոպա սպառնում է շենգենյան գոտուն, որից դուրս գալու տրամադրությունների գործնականացման առաջին քայլերը ձեռնարկվել էին` ժամանակավոր սառեցնել համաձայնագիրը: Իսկ շենգենյան գոտու սասանումը փաստորեն ԵՄ-ի կազմալուծման հավասարազոր երեւույթ էր մեկնաբանվում:
Բայց այս առեւտրին ներառվել է նաեւ վիզային ռեժիմների փոխազատականացման կետը, որ Անկարայի ԵՄ-ի անդամակցության քաշքշվող ընթացակարգի կարեւոր իրավադրույթներից է համարվում: Մինչ, այս ընթացակարգի յուրաքանչյուր հանգրվանի նվաճումը եվրոպական իրավաքաղաքական արժեհամակարգի հետ համարկման (ինտեգրացիա) կարեւոր բեկումնային քայլեր են ենթադրում:
Միեւույն ԵՄ-ի կառույցների կողմից բռնապետության, գրաքննության եւ ցեղային զտում իրականացնելու, չհաշված` ահաբեկիչներին սատարելու իրականությունը մատնացույց անելու եւրոպական սլաքները, մեղադրվող Անկարան հիմա քայլ է կատարում դեպի ԵՄ:
Պարզ է եւ այստեղ եւս անտրամաբանական ոչինչ չկա, որ ԵՄ-ն իր իրավական ընթացակարգերը եւս ընկալում է զուտ քաղաքական մոտեցումներով եւ այս պահի դրությամբ եթե իրեն սպառնացող զանգվածային փախստականական ալիքի բարձրացումը պիտի կանխի, ոչ միայն պիտի վճարի նրան, որն այս ալիքի մակընթացություններն է ղեկավարում, այլ նաեւ նրան, որը բռնապետություն, գրաքնություն եւ ցեղային զտումներ է իրականացնում:
Կարճաժամկետ կտրվածքով Անկարան, իր ներքին եւ արտաքին կուտակվող տագնապներում երեւութապես առավելություն է արձանագրում այս ձեւով: Տագնապ է ստեղծում եւ նույն տագնապի լուծման համար գումարներ է գանձում եւ քաղաքական առավելություններ է շահում: Բայց…
Դեպի Եւրոպա սահման փակելով Թուքիան ունի այլ սահմանագոտու խնդրի սեւեռակետը: Հարեւան Սիրիայի տարածքին, ժողովրդագրականից ու քաղաքականից այլեւս ռազմականի վերածված քրդական գործոնը շարունակում է մղաձաւանջ մնալ Անկարայի համար, որ ամենահակաեվրոպական միջոցներով փորձում է զսպել իր դեմ ծավալվող քրդական ապստամբությունը:
Դեպի Թեհրան շրջադարձի փորձեր կատարելը նաեւ այս մղձավանջի փարատման ճիգերով է բացատրվում. հիմա էլ փախստականները դեպի Եվրոպա ուղարկելու իր գործողությունները կասեցնելու խոստումով, Անկարան նպատակդրում է միջազգային արգելքների վերացում` քրդական հարցը անարգել լուծելու իր ոճով:
Սակայն Վաշինգտոնն ու ու Մոսկվան, որոնք հրադադարի հաստատման կամ Անկարայի առաջադրած անվտանգության գոտին մերժելու լուռ համաձայնություն ունեն իրար հետ, թվում է, որ ներառել են նաեւ քրդական ռազմական գործոնի զարգացումը թույլատրելու երեւույթը եւս իրենց չհայտարարված համաձայնության:
Իսկ այս հարցում Անկարան այլ խաղաթուղթ պետք է փնտրի գործընթացներին տարբեր հունավորում տալու իր մարտավարության կիրառման ընթացքում։ Զանգվածային փախստականների վտանգ չի սպառնում ոչ Վաշինգտոնին, ոչ էլ Մոսկվային, որոնք սիրիական պատերազմի գլխավոր խաղացողներն են եւ որոնք առ այս պահը չեն ընդառաջում Անկարայի առաջնային պահանջին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր