A1plus.am-ը գրում է. ԱԺ արտահերթ նիստին այսօր ՀՀԿ պատգամավորները հերթական անգամ քվեարկեցին գործընկերների փոխարեն: Այդ պատգամավորներն էին՝ Աշոտ Արսենյան, Ռոբերտ Սարգսյան, Արմեն Կարապետյան, Ալեքսան Պետրոսյան: ԲՀԿ-ից իր կողքի բացակա գործընկերոջ փոխարեն քվեարկեց Արշակ Մխիթարյանը:
Քվեարկություններից հետո ԱԺ-ն սկսեց քննարկել «Երկաթուղային տրանսպորտի մասին» նախագիծը: Ամբիոնին մոտեցավ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւ նախքան կխոսեր նախագծից, շնորհավորեց «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա առթիվ։
«Հատուկ շնորհավորանք՝ ընդդիմության կողմից»,- ժպիտով արձագանքեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Ոչ միայն ընդդիմության, այլեւ կարծում եմ՝ իշխանության մեր բոլոր գործընկերների կողմից էր շնորհավորանքը»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:
Այդ ընթացքում պատգամավորների մի մասը հերթով մոտենում ու հենց դահլիճում շնորհավորում էր Ռուբեն Հակոբյանին, իսկ մյուս մասը՝ միմյանց հետ բարձր խոսելով դուրս եկավ դահլիճից: «Հարգելի գործընկերներ, խնդրում եմ մի աղմկեք՝ եթե դուրս եք գալիս, առանց աղմուկի դուրս եկեք, իսկ ով մնում է, հետեւենք նիստին: Դա վերաբերում է ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ի ականջը կանչի»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ ՀԱԿ չորս պատգամավոր բոյկոտել են ԱԺ այս նստաշրջանն ու չեն մասնակցում նիստերին: Իսկ այսօր ՀԱԿ մյուս պատգամավորները եւս բացակայում էին նիստից: Միայն Նիկոլ Փաշինյանն էր գրանցվել, որն էլ նիստի կեսից լքեց դահլիճը: «Մեր գործընկերների մոտ տրամադրությունը միշտ բարձր է առավոտյան, ոչինչ»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում