«Այն, ինչ մենք ստանում ենք սահմանին, դա մեկ խնդիր է, երկրորդ՝ ինչ գնով է այն հասնում սպառողին: Ընդ որում՝ տարբերակենք 2 տիպի սպառող. մեկը մինչև 10.000 խմ, և երկրորդը՝ 10.000խմ-ից ավելի: Ընդ որում, ահռելի տարբերություն կա այս երկու տիպի սպառողների միջև: Այն 100 դոլարից շատ է՝ 1000 խմ-ի համար»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Պատգամավորի խոսքով՝ գազի սակագինը հնարավոր է իջեցնել 7-8 տոկոսով.
«Պետությունը պետք է բանակցի.մի բան է սահմանին գազ առնելը, այլ բան՝ վերջնական գինը:2003-2004թթ մենք սահմանին 1000խմ-ը ձեռք էինք բերում 54 դոլարով, վաճառում՝ 94 դոլարով: Մարժան կազմում էր 40 դոլար: Այս 10 տարիների ընթացքում , թե գազասպառման համակարգում լրացուցիչ ինչ բեռնվածություն է առաջացել, կտեսնենք, որ այնքան էլ մեծ չէ: Հիմա մարժան թող լինի 60-80 դոլար: Բայց գիտե՞ք, թե ինչքան է, 200 դոլար»,-նշեց Միքայել Մելքումյանը:
Անդրադառնալով Իրանից էժան գազ բերելու ցանկությանը, պատգամավորը նկատեց.
«Իրանի գազը համեմատաբար էժան է, քանի որ դա նավթի հետ միաժամանակ է արդյունահանվում: Եվ, հետո, երբ որ Իրանը մեզ տալիս է 1խմ գազ, մենք նրան տալիս ենք 3 կիլովատ ժամ էլեկտրաէներգիա, չենք կարողանում գործընթացը ընդլայնել, որովհետև մեր բարձր լարման էլեկտրահաողորդման գծերը Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան, ցածր թողունակություն ունեն»:
Միքայել Մելքումյանի խոսքով Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովը մինչ օրս չի արձագանքել Գազի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած հաշվետվությանը.
«Զարմացած եմ: Չէ՞ որ դա 70-80 էջանոց փաստաթուղթ է, որը որ բաժանված է բոլոր պատգամավորներին ու հասցեական քննադատություն կա»:
Անի Կարապետյան