▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի շարունակությունն անխուսափելի է.Ադրբեջանագետ

«Երեկվա հանդիպումն ընդամենը ձևականություն էր: Հայաստանի և Արբեջանի իշխանությունները հասկանում են, որ պատերազմի շարունակությունն անխուսափելի է: Երկու կողմն էլ տենդագին նախապատրաստվում է ապրիլյան բախման շարունակությանը և այն երկար սպասեցնել չի տա, որովհետև իրենց նպատակին չհասան երկուսն էլ: Ադրբեջանը  պլանավորել էր գրավել Մարտակերտը, Աղդամը, Ֆիզուլին, Ջաբրայիլը և այլ տարածքներ, բայց ունեցած մեծ թվով զոհերի հետևանքով աննշան բարձունքներ, դիրքեր գրավեց: Իսկ հայկական կողմը պետք է ջախջախեր թշնամուն և ռազմական գործողությունները տեղափոխեր Ադրբեջանի տարածք՝ ազատագրելով այլ տարածքներ, բայց, սրա փոխարեն, Ադրբեջանի ձեռքում որոշակի հայկական տարածքներ թողեց»,-խոսելով Սանկտ-Պետերբուրգում  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին՝ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է զենք ձեռք բերել և պատահական չէ, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանը զորք էր կուտակել Նախիջևանի ու Արցախի սահմանի մոտ.զորավարժություն էր անում.

«Ներգրավված էր շուրջ 25.000 զինվոր, գոյություն ունեցող ամբողջ տեխնիկան: Նրանք դրանով ցույց են տալիս, որ ոչ մի փոխզիջման պատրաստ չեն: Ես նախանձում եմ մեր նախագահի խիզախությանը: Ինչպե՞ս նա կարողացավ Ալիևի արյունոտ ձեռքը սեղմել.մեր անմեղ զինվորների արյունը դեռ չի չորացել: Ես եթե լինեի նրա փոխարեն, մարդասպանի  ձեռքը չէի սեղմի»,-նշեց ադրբեջանագետը:

Գրիգորի Այվազյանը նկատում է՝ թշնամին աշխատում է ոչ միայն ռազմական ուժի կուտակման ուղղությամբ, այլ նաև դիվանագիտական դաշտում.

«Նրանց հաջողվեց Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում սեպ խրել: Ադրբեջանի քարոզչությունից ելնելով է, որ Ռուսաստանը վերջին շրջանում հայտարարում է, թե Նժդեհը ֆաշիստ է»,-նշեց նա՝ հավելելով.

«Հուսով եմ, որ այս կարճ ժամանակահատվածը, որ տրված է մեզ՝ կկարողանանք պատրաստվել Ադրբեջանի կողմից նոր ռազմական ագրեսիայի, որը կլինի ավելի լայնածավալ: Միևնույն ժամանակ համոզված եմ, որ այդ բախման հետևանքով ադրբեջանական կողմը խայտառակ պարտություն կկրի, կունենա մեծ կորուստներ»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին