▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում.Նալբանդյանը՝ ԵԺԿ 40 ամյակի միջոցառմանը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը

Հարգելի բարեկամներ,

Ուրախ եմ մասնակցել Եվրոպական ժողովրդական կուսակցության 40-ամյակին նվիրված այս կարևոր միջոցառմանը:

Կարծում եմ` հեռավոր 1976 թվականին կուսակցության համահիմնադիր և առաջին նախագահ Լեո Թինդեմանսը դժվար թե պատկերացներ, որ իր և իր համախոհների ստեղծած կուսակցությունը կդառնա Եվրոպայի ամենամեծ քաղաքական ընտանիքը` տասնամյակներ շարունակ լինելով մայրցամաքի առաջընթացի շարժիչ ուժերից և բարեփոխումների ջատագովներից ու իրականացնողներից մեկը, եվրոպական մի շարք երկրների քաղաքական վերնախավի կարևոր դերակատարը:

Անցած տասնամյակները լի էին ձեռքբերումներով, որոնցից գլխավորը, կարծում եմ, այսօրվա միասնական, խաղաղ ու բարեկեցիկ Եվրոպան է: Եվրոպան, որը չնայած գոյություն ունեցող բազմաթիվ մարտահրավերների, խնդիրների, շարունակում է մնալ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների պաշտպանության փարոս:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը, նաև՝ Ժառանգություն և Հայկական վերածնունդ կուսակցությունները, ԵԺԿ քաղաքական ընտանիքի մաս են կազմում: Դա պայմանավորված է մի կողմից մեր երկրի պատմությամբ և մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, մյուս կողմից՝ Հայաստանի ակնկալիքներով` բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել եվրոպական կառույցների և արժեհամակարգի կրողների հետ համապարփակ համագործակցությունը` պատշաճ կերպով հաշվի առնելով այլ ձևաչափերում մեր հանձնառությունները:

Այս առումով ուրախ եմ նշել, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում մենք հասել ենք հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին: Անցյալ տարվա դեկտեմբերին ազդարարվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը, կուրվագծի փոխշահավետ համագործակցության նոր ուղեցույցները, հնարավորություն կտա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել։

Եվրոպական միության հետ մեր հարաբերություններին անդրադառնալիս առանձնահատուկ պետք է նշել այն կարևոր աջակցությունը, որ տարիներ շարունակ ցուցաբերվել է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին, ինստիտուցիոնալ զարգացմանը: Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները կառուցելիս մենք մշտապես զգացել ենք Եվրոպական ժողովրդական կուսակցության աջակցությունը: Համոզված ենք, որ նոր համապարփակ համագործակցության համաձայնագրի մշակման գործընթացում ԵԺԿ-ն կշարունակի գտնվել մեր կողքին:

Գնահատելի է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության դիրքորոշումը խորհրդարանական ձևաչափերում Հայաստանին վերաբերող հարցերի նկատմամբ: Այս առումով կառանձնացնեի Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևերի ընդունումը: Արժանահիշատակ է նաև Եվրոպական խորհրդարանի՝ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ» 2013թ. տարեկան զեկույցը, որտեղ կոչ արվեց ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Հայոց ցեղասպանությունը և նպաստել այդ հանցագործության ճանաչմանը:

Տիկնայք և պարոնայք,

Եվրոպայի հիմնադիր հայրերից Ռոբերտ Շումանը դեռ 1950 թվականին, առաջ քաշելով իր միասնական Եվրոպայի գաղափարները, ասում էր, որ իր գլխավոր նպատակն է «պատերազմը դարձնել ոչ միայն աներևակայելի, այլև բացարձակապես անհնարին»: Եվրոպային շատ բարդ ճանապարհով, բայց ի վերջո հաջողվեց կյանքի կոչել այդ գաղափարը: Վստահ եմ՝ այստեղ բոլոր հավաքվածները կիսում են մեր ցանկությունն առ այն, որ նաև մեր ողջ տարածաշրջանի համար այդ գաղափարը տեսլական դառնա, և որ Հարավային Կովկասում բոլորն ի վերջո հասնեն այն գիտակցությանը, որ քաղաքակիրթ աշխարհում պատերազմի միջոցով խնդիրներ չեն լուծվում, և անհանդուրժողականության ու այլատյացության քաղաքականությունը մի ուղի է, որը տանում է միայն ու միայն դեպի փակուղի:

Հարգելի բարեկամներ.

Ես ցանկանում եմ շնորհավորել ԵԺԿ-ի մեծ ընտանիքին ու նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ մաղթել` Եվրոպայի հետագա բարգավաճման ճանապարհին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին