Հայաստանում Գերմանիայի դեսպանը հանդես գալով հայտարարությամբ` ասել է, որ Հայաստանը դեռևս կարող է Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը` նույնիսկ Մաքսային միություն մուտք գործելուց հետո: Ըստ դեսպանի` Հայաստանի և Եվրամիության միջև փաստաթուղթը հավանաբար այլ անուն կունենա, քանի որ Ասոցացման համաձայնագիրը գործակցության այլ շրջանակի է վերաբերում:
«Երկու երկրների համար քաղաքական ու տնտեսական մասերն առանձին են, ուստի շատ կցանկանայինք վերականգնել Հայաստանի հետ բանակցությունները: Նոր փաստաթուղթ ստորագրելը մեր ցանկությունն է գերմանական կողմից եւ կարծում եմ նաև եվրոպական կողմից»,-ասել էր Ռայներ Մորելը:
«Քաղաքական իրավիճակը հետխորհրդային տարածքում լուրջ փոփոխություններ է կրել: Ուկրաինայի դեպքերը, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու այս գործընթացը ստիպում է եվրոպացիներին` պարզապես շտապել, որովհետև հակառակ դեպքում նրանք քաղաքական լուրջ լծակներ կկորցնեն»,-խոսելով դեսպանի հայտարարության մասին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հարցին` ասել է, թե ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ համագործակցության ճանապարհներ գտնել` քաղաքագետը պատասխանեց.
«Նրանք ուզում են, բայց բավականին շատ ժամանակ արդեն կորցրել են: Երբ որ սեպտեմբերին հայկական կողմն առաջարկում էր, իրենք պարզապես չէին հասկանում, թե ինչ լուրջ խնդիրների առջև է կանգնելու Արևելյան գործընկերությունը»:
Քաղաքագետի խոսքով` նույնիսկ, եթե փաստաթուղթը ստորագրվի, չի ունենա այն նշանակությունը, որը կարող էր ունենալ սեպտեմբերին:
Ինչ վերաբերում է հայկական կողմի` այդ առաջարկը ընդունելուն, քաղաքագետը չբացառեց` ասելով, որ հնարավոր է, չնայած, իրականում փաստաթղթի քաղաքական նշանակությունը նվազել է` ի տարբերություն սկզբնական շրջանի:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանն առաջարկել էր ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, սակայն Բրյուսելից մերժել էին` պատճառաբանելով, որ այն ամբողջական փաստաթուղթ է և չի կարելի մասերի բաժանել:
Անի Կարապետյան