▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն Էրդողանի հետ հնարավոր հանդիպման մասի՞ն էր զեկուցում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Այդ մասին Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում բավական ուշագրավ մի կետ կար, որը ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում բացակայում էր։ Համաձայն Կրեմլի՝ «Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է վերջին շրջանում տեղի ունեցած այն շփումների մասին, որոնք միտված են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը»։ 

Սա, ինչ խոսք, հետաքրքիր նյուանս է, հատկապես երբ, համաձայն ռուսական կողմի, Փաշինյանն ինքն է զանգել, ու, դատելով Կրեմլի հաղորդագրությունից, զանգել է հենց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կատարված քայլերի ընթացքի կամ ձեռք բերված պայմանավորվածությունների ու արդյունքների մասին Ռուսաստանի նախագահին զեկուցելու։

Այս նյուանսի վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե թուրքական և ռուսական փորձագիտական-վերլուծական համայնքում չհայտնվեին հրապարակումներ այն մասին, որ հնարավոր է առաջիկայում տեղի ունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում։ Թուրքական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծում են, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հարցերը, թե՛ այդ հարցից ածանցված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես՝ «զանգեզուրյան միջանցքի» բացման հարցը, հնարավոր է կարգավորել հենց նման «հանդիպումների» մակարդակում։
Ռուսական փորձագիտական-վերլուծական հանրույթն էլ կարծում է, որ Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպման մասին խոսվել է Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպման ժամանակ, որի արդյունքները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն, իրեն հատուկ «մաներայով», քննարկել է Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին