Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում Հայաստանի ղեկավարը տեղեկացրել է փետրվարի 18-ին Մյունխենում Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման, ինչպես նաեւ օտարերկրյա գործընկերների հետ իր այլ զրույցների մասին։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի փաթեթի գործնական իրականացման հարցեր՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման նպատակով։ Անդրադարձ է եղել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս հարցի շուրջ շփումները տարբեր մակարդակներով կշարունակվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։