Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանն շրջանակում ունեցած ելույթում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի 3 հիմնական ուղղությունը։
«Դրանք են՝ համաձայնագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակում և սահմանագծում և անվտանգություն:
Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
Չխորանալով մանրամասների մեջ՝ կցանկանայի նշել, որ հումանիտար բնույթի հիմնախնդիրները, ինչպիսիք են` բոլոր հայ ռազմագերիների վերադարձը և միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ, շարունակում են մնալ չլուծված և մեզ համար հանդիսանում առաջնային մտահոգության հարցեր»,-ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմագերիների մասին Ժնևի կոնվենցիայի շարունակական խախտումները, քանի որ առնվազն 33 հայ ռազմագերի դատապարտվել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ միանգամայն մտացածին մեղադրանքներով։
«Այն, որ Ադրբեջանը մերժում է հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնել, Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի հերթական խախտումն է»,-ասել է վարչապետը։