Ազգային ժողովում քննարկվում է Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական նշանակության արտադրանքի համար 200 մլն դոլարի վարկ տրամադրելու համաձայնագիրը։
«Կա մի հանգամանք, որը մեզ թույլ չի տալիս վարկային այս համաձայնագիրը քննարկել: Խոսքը հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի արած հայտարարության մասին է, որտեղ նշվում էր, թե մինչ ՀԷՑ-ում ենթադրվող աուդիտի իրականացումը, կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռն՝ անվտանգության համար նախատեսվող միջոցներից: Այնպիսի տպավորություն է, որ ըստ էության՝ ՀՀ կառավարությունը կամ իշխանությունը անվտանգության համար նախատեսված միջոցները վերցնում և դրանով ֆինանսավորում է էլէներգիայի սակագնի բարձրացման բեռը, իսկ այն ճեղքը, որ առաջանում է անվտանգության ոլորտում, սա փակելու համար մենք գումար ենք վերցնում Ռուսասատնից՝ լրացուցիչ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը: Ես չեմ մասնակցելու քվեարկությանը, քանի դեռ այս հարցերը պարզաբանված չեն։ Եթե ոչ պաշտպանության փոխնախարարի տեղակալը, ապա թեկուզ ԱԺ նախագահը, թեկուզ վարչապետը թող գան և պարզաբանեն, թե ինչ առնչություն ունի Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ ստեղծված իրավիճակի հետ»,-այսօր ԱԺ-ում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: